ՀՀ-ն և ՉԺՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ-ն և ՉԺՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Չինաստանում ՉԺՀ քաղաքացիական գործերի նախարարի տեղակալ Ժան Չենգֆուի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Մկրտչյանի հետ են եղել նաև Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։

Հանդիպման ընթացքում նախանշվել են հետագա աշխատանքների իրականացման ուղղություններն ու ձևաչափերը։

«Անդրադարձ է կատարվել երկու երկրների տարեցների հիմնահարցերի և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում մատուցվող ծառայությունների շրջանակին ու որակի բարելավմանն ուղղված աշխատանքներին»,- ասված է հաղորդագրությունում։

Քննարկվել են նաև ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց տրամադրվող ծառայությունների առանձնահատկություններն ու ընթացակարգերը։

ՉԺՀ քաղաքացիական գործերի նախարարի տեղակալը իր հերթին խոսել է օրերս Հայաստան այցելելուց հետո իր դրական տպավորությունների մասին և տվյալ ոլորտներում փորձի փոխանակման պատրաստակամություն հայտնել։

Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցության շրջանակում նախատեսվող աշխատանքներն իրապես կնպաստեն երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում