Գրիգորյան-Մուստաֆաև. հինգ հանդիպում, զրո արդյունք
Նմանատիպ
Հայաստան-Ադրբեջան սահմանի Իջևան-Ղազախ հատվածում նոյեմբերի 30 ին հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները, որոնք գլխավորում են երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները:
Սա Գրիգորյան-Մուստաֆաև 5-րդ հանիդպումն էր և հանդիպման արդյունքով կան պայմանավորվածություններ և համաձայնություններ:
Մուստաֆաևի ուղղաթիռով ժամանումը
Բաքվից-Ղազախ՝ օդով: Ադրբեջանական մեդիան մեծ շուքով էր լուսաբանում Մուստաֆաևի ժամանումը: Տարածված տեսանյութերից երևում է, որ Ադրբեջանի փոխվարչապետը հայկական կողմի հետ հանդիպմանը ժամանել է ուղղաթիռով:
Ավելի կաևոր է, թե ինչի մասին լռեց ադրբեջանական մեդիան: Ալիևի ամենավստահելի անձանցից մեկը, Բաքվի ամենապրոֆեսիոնալ բանակցողներից մեկը, Հայաստանի հետ բանակցային առաջնագիծ նետված Շահին Մուստաֆաևը հրաշալի տիրապետում է հայերենին, հայ գրականությանն ու հայոց պատմությանը:
Մուստաֆաևը ծնունդով Նոյեմբերյանի Ջուջևան գյուղից է: Հաճախել է տեղի հայկական 8-ամյա դպրոցը, ապա Նոյեմբերյանի թիվ 2 հայկական դպրոցը, մինչև 23 տարեկանը սովորել է Երևանում Ժողինստիտուտի հայկական բաժնում:
Թե ինչ լեզվով են զրուցել Մուստաֆաևը և Գրիգորյանը բանակցությունների ժամանակ, կողմերը չեն հայտարարում:
Գրիգորյան-Մուստաֆաև պայմանավորվածությունները
Եվ այսպես, սահմանային հանդիպմանը կողմերը համաձայնեցրել են սահմանազատման հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը: Այդ տեքստի մասին ոչինչ հայտնի չէ:
Կողմերը պայմանավորվել են սկսել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև համաձայնության են եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումները:
Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Նախորդ հանդիպումներին ևս նման պայմանավորվածություն ձեռք է բերվել, բայց փորձը ցույց տվեց, որ այդ պայմանավորվածությունը չի կատարվում: Սահմանազատման հանձնաժողովների հանդիպումները վերածվել են բանակցային դադարները մեղմելու միջոցի:
Այս պայմանավորվածությունները նախ հուշում են, որ նախորդ չորս հանդիպումներին առարկայական պայմանավորվածություններ չեն եղել: Այս պայմանավորվածությունները նաև հուշում են, որ դեռ հստակություն չկա՝ կողմերը զգուշավոր են, քայլերը՝ ավելի:
Սահմանազատման հանձնաժողովների հակիրճ նախապատմությունը
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովներ ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։
Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների առաջին երեք հանդիպումները տեղի են ունեցել անցած տարի: Առաջինը՝ 2022-ի մայիսի 24-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի Երասխ-Նախիջևան հատվածում, երկրորդը՝ օգոստոսի 30-ին Մոսկվայում, երրորդը՝ նոյեմբերի 3-ին Բրյուսելում:
Չորրորդ հանդիպումը կայացել է այս տարվա հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին: Թե որ հատվածում, չի նշվում:
Չորրորդ հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ դեռ համաձայնություն չկա, թե որ թվականի քարտեզը պետք է հիմք ընդունվի սահմանազատումն իրականացնելիս:
«Որևէ քարտեզի մասով որևէ որոշում չի կայացվել», – հանդիպումից հետո հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Քարտեզի մասին հայտարարություն չկա նաև հինգերորդ հանդիպումից հետո:
Զրո արդյունքի պատճառները
Արդյունքում՝ 5 հանդիպում, զրո արդյունք։ Որովհետև սահմանազատման այս հանձնաժողովներն ունեն ներկայացուցչական բնույթ, և որովհետև սահմանազատման այս հանձնաժողովները չեն որոշելու, թե ինչ քարտեզով և որ սարով անցնի սահմանը: Այդ որոշումը կայացվելու է ավելի բարձր մակարդակում:
Քարտեզների, Հայաստանի տարածքային ամբողջականության մասով կա հստակ տարակարծություն: Եվ այդ տարակարծությունն այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև չէ: Տեղին կլինի հիշել Թուրքիայի նախագահի հայտարարությունը, որ Հայաստանի տարածքով թյուքրական միջանցքին դիմադրում է ոչ թե Հայաստանը, այլ Իրանը: Իսկ Իրանը դա անում է մշտապես հայտարարելով՝ կարմիր գիծ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Հայաստանի հետ Ադրբեջանի ուղիղ բանակցությունը Թուրքիայի համար հնարավորություն է շրջանցել իրանական դիմադրությունը։ Մանավանդ հիմա, երբ Իրանի նախագահի այցը Թուրքիա հետաձգվեց և Թուրքիա-Իրան բացահայտ դրսևորվող հակասությունները հիմա մերձավորարևելյան մեդիայի ուշադրության կենտրնուն են։ Հիմնական պատճառն իհարկե Գազան է, բայց Հայաստանի տարածքով էրդողանական միջանցքը պատճառների մեջ է։
Մյուս կողմից կա Մոսկվան, որտեղից առաջարկում են սահմանազատման համար օգտագործել խորհրդային քարտեզները։ Առաջարկ ասվածը, իհարկե, մեղմ ձևակերպում է։ Բայց և՛ Փաշինյանը, և՛ Ալիևն արդեն անուղղակի մերժել են այդ առաջարկը՝ յուրաքանչյուրն ունենալով իր պատճառները, բայց սա, իհարկե, ռուսական «առաջարկը» լուսանցքում չի թողնում։
Այսքանով Հայաստանի հետ Ադրբեջանի ուղիղ բանակցությունների թակարդները չեն վերջանում։
Խաղաղության հնարավորության պատրանք ստեղծելով
Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, թեև պարբերաբար հայտարարություններ են անում Ադրբեջանի մտադրությունների մասին, որոնք բոլորովին էլ սահմանազատում իրականացնելու մասին չեն, ՀՀ քաղաքացիների առաջ ճշգրիտ չեն դնում այն վիճակը, որում հայտնվել ենք։
Միայն վերջին երեք օրվա կտրվածքով՝ նախ Փաշինյանը հայտարարեց. «Առաջիկայում քննարկում գոնե քարտեզների, սամանների մասով նախատեսված է նոյեմբերի 30-ին սահմանագծման հանձնաժողովների ֆորմատով, և այդ քննարկումներից նաև մենք հետևություններ կանենք, և եթե այլ բանակցություններ լինեն, այլ բանակցություններից մենք հետևություններ կանենք, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության, թե Ադրբեջանը հրաժարվում է այդ սկզբունքներից։ Փաստն այն է, որ մինչև այսօր մենք նման վստահություն չունենք ոչ մի կողմում։ Չնայած Ադրբեջանի կողմից հնչել է հայտարարություն, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց այստեղ կոնկրետություններ են պետք, թե ինչ նկատի ունենք, ինչ նկատի ունեն իրե՛նք Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով»։
Փաշինյանի այս հայտարարությունը հնչել է նոյեմբերի 27-ին՝ քաղաքացիների հարցերին պատասխանելիս։ Երեք օր անց՝ նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Այս պահին կարող ենք արձանագրել որ միջազգային հանրության լուռ համաձայնությամբ Ադրբեջանը հասել է իր վաղեմի նպատակին՝ ստանալու Լեռնային Ղարաբաղի տարածքն առանց հայ բնակչության։
Այնուամենայնիվ, դա իրականացնելուց հետո էլ ադրբեջանական կողմի պահանջները չեն դադարել. հիմա Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքն է դարձել մեր հարևանի թիրախը։ Զուգորդված լինելով շարունակական ատելությամբ, ռազմական հռետորաբանությամբ, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, տարբեր միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ և ԵՄ կողմից կազմակերպված հանդիպումներին մասնակցելու մերժման հետ՝ սա ի ցույց է դնում, որ այս երկիրն անկեղծորեն շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ»։
Այս խիստ կարևոր և վտանգավոր դրության մասին ամենօրյա ահազանգի փոխարեն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է խոսել՝ գործածելով «խաղաղության դարաշրջան» եզրը։
Ինչպես ավելի վաղ Փաշինյանը, ու նաև Միրզոյանը միջազգային հարթակներում իրենց ելույթներում էին արել, այս անգամ ևս Միրզոյանը բառացի հայտարարեց, որ չնայած տեղի ունեցած մարդասիրական աղետին, Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը և կարծում է, որ դա դեռ հնարավոր է։
Ամենավտանգավորը թակարդը հենց սա է՝ խաղաղության հնարավորության պատրանք ստեղծելը, երբ իրենք իսկ հայտարարում են, որ դեռ հայտնի չէ՝ ինչ նկատի ունի Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով։ Իրականում հայտնի է, և հայտնի է նաև նրանց՝ Փաշինյանի թիմին, որովհետև Արարատ Միրզոյանն ուղիղ հայտարարում է՝ Հայաստանը թիրախում է։
Անի Ավետյան
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն
Հետևեք մեզ նաև Telegram-ում