Ռուս-ուկրաինական պատերազմում իրավիճակը «փակուղային» է

Ռուս-ուկրաինական պատերազմում իրավիճակը «փակուղային» է

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ճշմարտությունն է ասել, երբ The Economist-ին տված հարցազրույցում նա Ռուսաստանի հետ պատերազմում առկա իրավիճակը որակել է որպես փակուղի։ Նման գնահատական է տվել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն  շվեյցարական 20 Minuten առցանց հրատարակությանը տված հարցազրույցում։ Փոխանցում է Թերթը։

Պատասխանելով այն հարցին, թե Զալուժնին սխալվե՞լ է՝ պատերազմում իրավիճակը գնահատելով փակուղային, Կլիչկոն նշել է. «Ո՛չ: Նա ասաց ճշմարտությունը: Երբեմն մարդիկ չեն ուզում լսել ճշմարտությունը: Բայց ի վերջո նա (Զալուժնին) պատասխանատու է: Նա բացատրեց և հիմնավորեց, թե ինչ իրավիճակ է այսօր: Իհարկե, մենք կարող ենք էյֆորիայի մեջ ստել մեր ժողովրդին և մեր գործընկերներին: Բայց Մենք չենք կարող դա անել հավերժ: Մեր որոշ քաղաքական գործիչներ քննադատել են Զալուժնիին այս հստակ խոսքերի համար, սակայն դա անարդար է: Ես նրա կողմից եմ»:

Միևնույն ժամանակ Կլիչկոն նշել է, որ իրեն չի զարմացնում երկրի ղեկավար Վլադիմիր Զելենսկու վարկանիշի անկումը։ «Մարդիկ տեսնում են, թե ով է արդյունավետ, ով` ոչ: Սպասումներ կային և կան: Զելենսկին կվճարի իր թույլ տված սխալների համար», – ասել է Կլիչկոն:

Լրագրողի խնդրանքով պարզաբանելով, թե կոնկրետ Զելենսկու ինչ սխալների մասին է խոսում՝ Կլիչկոն նշել է. «Մարդիկ զարմանում են, թե ինչու մենք ավելի լավ պատրաստ չէինք այս պատերազմին։ Ինչո՞ւ Զելենսկին մինչև վերջին րոպեն հերքում էր, որ բանը կհասնի պատերազմին։ Ինչպե՞ս եղավ, որ ռուսներն այդքան արագ հասան Կիև»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում