ԱՊՊԱ չունեցող քաղաքացիների համար նոր պայման է առաջարկվել

ԱՊՊԱ չունեցող քաղաքացիների համար նոր պայման է առաջարկվել

ՀՀ խորհրդարանը ԱՊՊԱ պայմանագիր չունեցող քաղաքացիների համար խրախուսող նորմ է առաջարկում։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը ներկայացրեց ՔՊ–ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Հիմա ՀՀ քաղաքացիներն ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պարագայում տուգանվում են 100000 դրամով։

«Ըստ խրախուսվող նորմի` ԱՊՊԱ պայմանագիր չունենալու հանգամանքը արձանագրելուց հետո 24 ժամվա ընթացքում պայմանագիր կնքելու և դրա մասին հավաստի ապացույց ոստիկանություն ներկայացնելու դեպքում քաղաքացին կկարողանա վճարել 25000 դրամ տուգանք` 100000–ի փոխարեն»,– ասել է Աղաջանյանը։

Հարցը քննարկվել է ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, դեռևս որոշ տեխնիկական հարցեր պետք է քննարկվեն։ Ներկա պահին հստակեցումներ պետք է մտցվեն, որ գուցե ՆԳՆ–ում տվյալների բազա ստեղծվի, որպեսզի, այնուամենայնիվ, վարորդները ստիպված չլինեն գնալ ոստիկանություն և ներկայացնել համապատասխան փաստաթուղթը։

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովում և կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում