Հաղորդակցության նոր ուղիները երաշխիքներ կապահովեն ՀՀ-ին և Իրանին
Նմանատիպ
ՀՀ հետ սահմանը Իրանի համար ամենակարճ ու որակական առումով ամենալավ սահմանն է։ «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Այս սահմանը միշտ եղել է խաղաղության և բարեկամության սահման։ Երկու երկրները երբևիցե իրար չեն սպառնացել և միշտ հնարավորություններ են ընձեռել միմյանց համար։ Մեր համագործակցությունը բազմազան ուղղություններով է զարգացել։ Փոխադարձ առևտրաշրջանառությունը բազմապատկվել է` հասնելով 1 մլրդ ԱՄՆ դոլարի»,– ընդգծել է դեսպանը։
Նա հիշեցրել է, որ ՀՀ–ն և Իրանը փոխադարձ շահավետ պայմանագրեր ունեն հատկապես ենթակառուցվածքների զարգացման բնագավառում։
«Մենք հիմա փորձում ենք ուսումնասիրել թաքնված այն ներուժը, որը կնպաստի երկու երկրների հարաբերություների աճին։ Կասկած չկա, որ տարանցիկ ենթակառուցվածքի զարգացումը և հաղորդակցության ուղիների բացումը կնպաստի տնտեսության ճյուղերի և առևտրի զարգացմանը, ինչպես նաև` ժողովուրդների միջև շփումների ընդլայնմանը։ Դրանք նաև ճանապարհ կհարթեն տարածաշրջանային մասնակցության համար»,– նշել է Մեհդի Սոբհանին։
Նա կոչ է արել` հենվելով անցյալի վրա` մտածել նոր ուղիների մասին։
Ինչպես նաև, դեսպանը անդրադարձ է կատարել հաղորդակցության ուղիներին։ Ըստ նրա՝ Հնդկաստանից մինչև Չաբահար նավահանգիստը և դեպի ՀՀ ու Սև ծով, վստահելի ճանապարհ կտրամադրեն դեպի Եվրոպա ապրանքների տեղափոխման համար։
«Այս ուղու զարգացումը ՀՀ–ին և Իրանին կապահովի արտաքին վտանգներից։ Մենք հենց այս համատեքստում ընդգծում ենք Հնդկաստանի դերը Չաբահարի նավահանգստի զարգացման համատեքստում ու ողջունում ենք ՀՀ մասնակցությունը»,– ասել է դեսպանը։
Նա նաև նշել է, որ հավատում է` եթե երկրներն ունենան ավելի շատ հաղորդակցության ուղիներ, ապա կարող են ավելի մեծ նշանակություն ձեռք բերել միջազգային համակարգում։
«Սա նոր ուժի հայեցակարգն է, և ողջում ենք այն նոր քայլերը, որոնք ՀՀ կառավարությունը ձեռնարկել է հանուն խաղաղության և անվտանգության։ Մենք սատարում ենք ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև կայուն ու տևական խաղաղությունը տարածաշրջանում։ Կեցցե ՀՀ–ն, կեցցե Իրանը»,– եզրափակել է Մեհդի Սոբհանին։
Հիշեցնենք, որ Հայաստանն աշխատում է միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման ուղղությամբ՝ Իրանի և Հնդկաստանի միացմամբ։ Խոսքը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ երթուղու մասին է։
Առաջին անգամ չընդհատվող երթուղու գաղափարը Հնդկաստան կատարած այցի ժամանակ հնչեցրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Մասնավորապես, նա հայտարարել է Հայաստանի տարածքով առևտրային միջանցքի բացման հնարավորության մասին, որը թույլ կտա կրճատել հնդկական ապրանքների ճանապարհը դեպի Ռուսաստան և եվրոպական երկրներ Սև ծովով։ Նույն ժամանակ էլ Երևանն ու Նյու Դելին բանակցություններ սկսեցին միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման շուրջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում