Ադրբեջանի ԱԳՆ-ն Ժոզեֆ Բորելի՝ ԼՂ հայերի մասին հայտարարությունն անվանել է կեղծ
Նմանատիպ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, ԵՄ հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելի՝ ԼՂ հայերի՝ իրենց տները լքելու մասին հայտարարությունն անվանել է կեղծ, վտանգավոր և սադրիչ։
«ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ տները լքած 150․000 հայերի մասին հայտարարությունն անընդունելի է և խեղաթյուրող։ Սխալ է ԵՄ պաշտոնյայի կողմից հերթական անգամ սխալ և իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ անելը։
Ակնհայտ է ԵՄ հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելի անտարբերությունը Ադրբեջանի տարածքում հայկական զինված ուժերի անօրինական ներկայության հարցի նկատմամբ, որն Ադրբեջանին սպառնացող հիմնական աղբյուրն էր և հանգեցրեց հակաահաբեկչական միջոցառումների իրականացմանը. մեր երկրի նկատմամբ բացահայտ կողմնակալության օրինակ»,- հայտարարել է նա։
Հաջիզադեի խոսքով՝ Բորելի նման հայտարարությունները՝ «ի պաշտպանություն անջատողական միտումների», զարմանալի են։
«Հակառակ միջազգային կազմակերպությունների գնահատականների, այն պնդումները, թե իբր Հայաստան և այլ երկրներ տեղափոխված հայ բնակիչները բռնի կերպով վտարվել են տարածաշրջանից, և նրանց թվի միտումնավոր ուռճացումը, սուտ են և վկայում են վտանգավոր միտումի մասին։ Միևնույն ժամանակ, հայկական կողմը հայտարարում է, որ տարածքը լքած հայերի թիվը 100 հազար է, Ժոզեֆ Բորելի հիշատակումը 150 հազար հայերի մասին, որոնք լքել են այս տարածքը, լուրջ թյուրիմացություն է առաջացնում»,- ասել է Այխան Հաջիզադեն։
Ըստ նրա՝ Բորելի նման հայտարարությունները խաթարում են ԵՄ միջնորդական ջանքերը և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաքելությունն այս ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում