Նյու Յորքում հոսպիտալացված բժշկի մոտ հաստատվել է Էբոլա վիրուսով վարակվելը

Ամերիկացի բժիշկ Քրեյգ Սփենսերից մոտ ժամանակներս նոր անալիզներ կվերցվեն, որպեսզի ստուգեն առաջին թեստերի արդյունքները, ըստ որոնց նա վարակվել է Էբոլա վիրուսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն ամերիկյան կազմակերպությունը:

Ներկայում Նյու Յորքի առողջապահության դեպարտամենտն ստուգում է 31-ամյա Սփենսերի հնարավոր շփումները՝ կանխելու վարակման հնարավոր տարածումը:

«Որքան մեզ հայտնի է, նրա հետ անմիջական շփման մեջ են եղել ոչ մեծ թվով մարդիկ»,- ավելի վաղ մամուլի ասուլիսում հայտարարել է Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն:

Առկա տվյալների համաձայն՝ Սփենսերը հոկտեմբերի 17-ին վերադարձել է Գվինեայից, որտեղ սեպտեմբերի 18-ին աշխատում էր «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության խմբի կազմում: ԱՄՆ վերադառնալուց շատ չանցած բարձրացել է նրա ջերմությունը, երեւան են եկել ցավեր որովայնում եւ սրտխառնոց:

Ավելի վաղ ԱՄՆ-ի տարածքում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդություն է ախտորոշվել երեք մարդու մոտ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Արեւմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի բռնկման զոհերի թիվը գերազանցել է 4,8 հազարը, վարակվել է գրեթե տասը հազար մարդ: Մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում երեք երկրի՝ Լիբերիային, Սիեռա Լեոնեին եւ Գվինեային, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում