Իրանն ԱՄՆ-ին պարտավորեցրել է մոտ 50 մլրդ դոլար վճարել
Նմանատիպ
Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանությունը կարգադրել է ԱՄՆ կառավարությանը և 41 անհատի և ձեռնարկության 49,77 միլիարդ դոլար վճարել՝ իրանցի բարձրաստիճան զորահրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործում իրենց դերի համար: Այս մասին գրում է tasnimnews.com-ը:
Իրանի 3318 քաղաքացու ներկայացրած բողոքներով պայմանավորված մանրակրկիտ քննությունից հետո Թեհրանի հանրային դատարանը վերանայել է գեներալ Սոլեյմանիի սպանության հետ կապված ֆինանսական, բարոյական և վնասի փոխհատուցման հայցը:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն, Ազգային անվտանգության գործակալությունը, ԿՀՎ-ն և ԱՄՆ կառավարության շատ այլ անդամներ և պաշտպանության ոլորտին առնչվող ձեռնարկություններ այն 42 մարդկանց և կազմակերպությունների թվում էին, որոնց դատարանը մեղավոր է ճանաչել Սոլեյմանիի սպանության համար:
Դատարանը մեղադրյալներին պարտավորեցրել է վճարել ընդհանուր առմամբ 49,77 միլիարդ դոլար՝ փոխհատուցելու սպանության պատճառած բարոյական և նյութական կորուստները:
Բացի ֆինանսական տույժերից, դատարանը ամբաստանյալներին, այդ թվում՝ ԱՄՆ կառավարությանը, պարտավորեցրել է պաշտոնական ներողություն խնդրել և հրապարակել այն թերթում։ Վճիռը, որը կայացվել է հեռակա, թույլ է տալիս բողոքարկել երկամսյա ժամկետում։
2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ-ն Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածով սպանել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ղոդս ուժերի նախկին հրամանատար Սոլեյմանիին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում