Հիփոթեքով բնակարան ձեռք բերած սպաները կսուբսիդավորվեն 5 տոկոսի չափով

Հիփոթեքով բնակարան ձեռք բերած սպաները կսուբսիդավորվեն 5 տոկոսի չափով

ՀՀ կառավարությունը հիփոթեքով բնակարան ձեռք բերած սպաներին կսուբսիդավորի 5 տոկոսի չափով և որպես կանխավճար կտրամադրի ֆիքսված գումար` 2.5 մլն դրամ։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նշենք, որ հիփոթեքային վարկի տոկոսները նախկինում սուբսիդավորվում էին 3 տոկոսի չափով, իսկ կանխավճարը պետությունը փոխհատուցում էր` կախված բնակարանի արժեքից։

Պապիկյանը տեղեկացրել է, որ պաշտպանության նախարարությանը հատկացված գումարներում վերաբաշխում են կատարել և գումարներն ուղղել են պաշտպանության ապահովում ծրագրի ռազմական կարիքների բավարարմանը։

Նախարարը վստահեցրել է, որ 2022–23թթ. ծրագրից օգտվել են հայտ ներկայացրած բոլոր սպաները։

«Տարեկան սահմանված` 500 զինծառայողի շեմը գերազանցել ենք. հայտ ներկայացրած 1 111 զինծառայողի ծրագրից օգտվելու հնարավորություն ենք ընձեռել։ Հիփոթեքային վարկավորման այս որոշումն ընդունվել է 2019 թվականին, ու արդեն 2020–ին ծրագրից օգտվել է 223 սպա, 2021–ին` 249, 2022–ին` 558»,– ասել է Պապիկյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է` եթե նախկինում տեղի էր ունենում վիճակահանություն, ապա հիմա դա չկա, ու արդյունքում բյուջեով նախատեսված քանակից ավելի շատ մարդ է դիմում, ու ըստ էության բոլոր հայտերը բավարարվում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում