Ռուսական հեռուստաալիքների փակման հարցը դեռևս չի քննարկվում
Նմանատիպ
Ռուսական հեռուստաալիքների փակման հարց հիմա չի քննարկվում։ Կառավարության նիստից հետո հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմի հետ խորհրդակցություններ պետք է անցկացվեն, օրն ու ժամը դեռ հստակեցված չէ։
Ավելի վաղ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարել էր, որ հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին պայմանագրի դրույթների խախտումներ է հայտնաբերել։ Լրագրողները հետաքրքրվեցին նախարարից, թե խոսքն ինչ խախտումների մասին է։
«Երբ այստեղ տեղում հանդիպենք, ավելի առարկայական, բովանդակային կխոսենք»,- նշել է նախարարը։
Նա հավելել է, որ ռուսական կողմի հետ խորհրդակցությունները կայանալու են այս տարի Երևանում, իսկ նախաձեռնողը հայկական կողմն է։ Հանդիպման օրակարգում համաձայնագրի կետերի պահպանումն է։
Նախարարը չցանկացավ մեկնաբանել տարբեր շրջանակների կողմից հնչող` ռուսական ալիքների փակման պահանջը։ Ըստ նրա՝ քանի դեռ խորհրդակցությունները չեն կայացել, ինքը ոչինչ չի կարող ասել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում