Այսօր լրանում է Սիմոն Կրկյաշարյանի 100-ամյակը

Այսօր լրանում է Սիմոն Կրկյաշարյանի 100-ամյակը

Այսօր լրանում է պատմաբան, թարգմանիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հռոմի գրականության և արվեստի «Տիբերինա» ակադեմիայի արտասահմանյան անդամ, ՀՀ և ԽՍՀՄ գրողների միության անդամ, Սիմոն Միսակի Կրկյաշարյանի ծննդյան 100-ամյակը։

Կրկյաշարյանը ծնվել է 1923թ.-ի դեկտեմբերի 7-ին Աթենքում` Ադանայից և Հաճընից գաղթած ծնողների ընտանիքում:

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գործուն մասնակցություն է ունեցել Հունաստանի Դիմադրության շարժմանը, գլխավորել է երիտասարդական ընդհատակյա կազմակերպությունը, միաժամանակ անդամակցել է Աթենքի Կոկինիա քաղաքամասում կազմակերպված գրական խմբակին։

Ծավալել է հասարակական-քաղաքական գործունեություն Աթենքի հայկական համայնքում` որպես «Նոր կյանք» օրաթերթի աշխատակից և խմբագիր` «Քառամ» կեղծանունով:

Հայերենից հունարեն թագմանել է Ավ. Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը, լույս է տեսել նաև նրա առաջին գրական գործը` «Ցայգալույս» հունարեն բանաստեղծությունների ժողովածուն:

1947 թվականին Կրկյաշարյանների ընտանիքը տեղափոխվել է Խորհրդային Հայաստան, որտեղ մի քանի տարի աշխատել է որպես ուսուցիչ։

1950թ.-ին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստիտուտը: 1959թ.-ին եղել է Լենինգրադի համալսարանի Հունաստանի և Հռոմի պատմության ամբիոնի ասպիրանտ: Աշակերտել է համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ Հ. Օրբելուն, Վ. Ստրուվեին, Բ. Պիոտրովսկուն:

1963թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Հելլենիստական թագավորների փոխհարաբերությունները Փոքր Ասիայի և Հայաստանի քաղաքների հետ», 1980 թ.-ին՝ դոկտորական ատենախոսություն` «Հին Հայաստանի պետական կառուցվածքը»:

Դասավանդել է նաև Երևանի պետական համալսարանում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։

Գիտական գործունեությունից զատ Կրկյաշարյանը զբաղվել է նաև թարգմանչությամբ։ Թարգմանել է ինչպես հին հույն դասական հեղինակների՝ Հոմերոսի, Հերոդոտոսի, Քսենոփոնի, Դիոդորոս Սիկիլիացու, Պլուտարքոսի, Սոփոկլեսի, Եվրիպիդեսի, Արիստոփանեսի, այնպես էլ ժամանակակից հույն հեղինակների՝ Կոստաս Վառնալիսի, Միցոս Ալեքսանդրոպուլոսի, Էֆի Պանսելինուի և այլոց գործերը։

1986թ.-ին արժանացել է Ե. Չարենցի անվան գրական մրցանակի, 2003թ.-ին պարգևատրվել է ՀՀ գրողների միության և Սբ. Էջմիածնի «Կանթեղ» թարգմանչական մրցանակով, 2005թ.-ին` Սբ. Էջմիածնի «Սբ. Սահակ և Սբ. Մեսրոպ» շքանշանով:

Կյանքից հեռացել է 2011թ. հունվարի 5-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում