Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի հայտարարությունը

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի հայտարարությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարությունը։

«Մենք ողջունում ենք երկու երկրի միջև վստահության ամրապնդմանն ուղղված որոշ կոնկրետ քայլեր ձեռնարկելու որոշումը, որը հայտարարվել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարության մեջ: Մենք աջակցում ենք վստահության ամրապնդմանն ուղղված լրացուցիչ քայլերի շուրջ քննարկումները շարունակելու որոշմանը։ Մաղթում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում, որը կդառնա կարևոր իրադարձություններից մեկը Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատման գործընթացում»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ հայտարարելով Ադրբեջանի հետ գերիների փոխանակման համատեղ պայմանավորվածության մասին:

«Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի։ Հայաստանն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների», – գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում