ԱՄՆ-ն, ԵՄ-ն և ՌԴ-ն ողջունել են Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը
Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել՝ ողջունելով ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը, համաձայն որի՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի։
«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը 2 ադրբեջանցի և 32 հայ կալանավորների ազատ արձակման մասին։ Այս հանձնառությունը վստահության ամրապնդման կարևոր միջոց է խաղաղության համաձայնագրի ավարտի և հարաբերությունների կարգավորման աշխատանքների ֆոնին։
Նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաև ԵՄ-ն, որով ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը կալանավորների փոխադարձ ազատ արձակման և վստահության ամրապնդման այլ միջոցների մասին, որը կարևոր քաղաքական քայլ է։ Այս մասին գրել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մենք համաձայն ենք, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա և հանձնառու ենք աջակցել այդ ջանքերին»,- գրել է նա։
Մոսկվայում նույնպես գոհունակությամբ են ընդունել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը վերահաստատում է երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Ողջունում ենք Բաքվի և Երևանի միջև հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակման մասին պայմանավորվածությունը։ Ռուսաստանը հետևողականորեն առաջ էր տանում ձերբակալված անձանց փոխանակման գաղափարը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Դա նպաստում է փոխվստահության ամրապնդմանը և նոր հնարավորություններ է բացում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առաջմղման գործում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ համալիր պայմանավորվածությունների հունով»,-նշել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն նույնպես ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որով ողջունել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում