Զենք ունենալու և կիրառելու կանոնները հնարավոր է պարզեցվեն
Նմանատիպ
Զենք ունենալու և դրա կիրառման կանոնները հնարավոր է փոքր-ինչ պարզեցնել՝ առանց հանրային անվտանգությանը վնաս հասցնելու։ Այսօր Ազգային ժողովում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ ներկայացնելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի փոփոխությունները։
Նա հիշեցրել է, որ օրենքն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունիսի 1-ին։ Դրանից հետո, ուսումնասիրելով, թե ինչպես է օրենքը կիրառվում գործնականում, Գաբրիելյանն առաջարկել է մի շարք փոփոխություններ մտցնել։ Օրինագիծը ՆԳՆ-ում քննարկումների մի քանի փուլ է անցել, որոնց արդյունքներով առաջարկների մի մասը հանվել է։
Նախագծի ներկայիս խմբագրության մեջ զենքի դասակարգման մեջ առաջարկվել է վերացնել «ծառայողական» կատեգորիան՝ թողնելով միայն քաղաքացիականն ու մարտականը։ Այդպիսով, քաղաքացիական զենքի կատեգորիային են դասվում ատրճանակները (ֆորմալ առումով՝ կարճ հրաձգային փողով ծառայողական զենք, որը զրկված է ավտոմատ կրակելու հնարավորությունից)։ Բացի այդ, ներկայիս օրենսդրության համաձայն, դրանք կարող են ձեռք բերել միայն առնվազն 20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող զինվորականները, որոնք ունեն գնդապետից ոչ ցածր կոչում։ Հիմա առաջարկվում է շեմը նվազեցնել մինչև փոխգնդապետ։
Առաջարկվում է նաև ինքնաշեն զենքի արգելք սահմանել, որը կվերաբերի ոչ միայն հրազենային, այլև զենքի ցանկացած այլ տեսակի։
Միաժամանակ առաջարկվում է կրճատել այն տարածությունը, որից ավելի մոտ չի թույլատրվում հրաձգային զենք կիրառել (բացառությամբ հրաձգարանների)։ Գործող օրենսդրությամբ չի թույլատրվում ակոսափող հրազեն օգտագործել բնակավայրերից և մայրուղիներից 5000 մետր հեռավորությունից մոտ տարածքում, իսկ նախագծով առաջարկվում է 5000 մետր հեռավորությունը փոխարինել 3000 մետրով։ Ողորկափող զենքի համար առաջարկվում է հեռավորությունը թողնել 500 մետր։
Բացի այդ, առաջարկվում է զենքի կիրառման քննությունից ազատել նրանց, ովքեր զինծառայություն են անցել․ նրանց համար առաջարկվում է թողնել միայն տեսական քննությունը։
ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն իր հերթին նշել է, որ ուժի մեջ են մտնում զենք ունենալու իրավունքի հայտնի սահմանափակումները (հոգեբանական անհավասարակշիռ վիճակ, հանցագործություններ` կապված բռնության կիրառման հետ, այդ թվում` տնային)։ Նրա խոսքով` նոր կանոնները մասնավոր ներդրողներին կօգնեն հրաձգարաններ բացել, այդ թվում` մարզերում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում