65 մլն դոլար կտրվի ատոմակայանի շահագործումը երկարաձգելու համար
Նմանատիպ
Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով կառավարությունը 65 մլն դոլարի պայմանագիր կկնքի ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ։ Որոշման մասին տեղեկանում ենք կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում ներառված հարցերից։
Նշվում է, որ վերոնշյալ որոշման ընդունումը հնարավորություն կտա կնքել պայմանագիր «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի հետ և սկսել Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելուն ուղղված աշխատանքների կատարումը:
Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա շահագործման նոր լիցենզիա ձեռք բերելու համար միջոցառումները պետք է իրականացվեն 2023-2026 թվականները ընկած ժամանակահատվածում:
«Ընդ որում, նորմատիվային պահանջների համաձայն՝ ռեակտորային տեղակայանքի համակարգերում և սարքավորումներում բոլոր աշխատանքները պետք է համաձայնեցվեն Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր նախագծողի (АО «АЭП»), ռեակտորային տեղակայանքի գլխավոր կոնստրուկտորի (АО ОКБ «ГИДРОПРЕСС»), շահագործման գիտական ղեկավարի (НИЦ «Курчатовский институт») հետ»,–ասվում է հիմնավորման մեջ:
Վերոնշյալ բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև ռեակտորային սարքավորումներ արտադրողների հետ, որոնք մտնում են «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կառուցվածքի մեջ կամ գտնվում են վերջինիս ազդեցության տիրույթում, պայմանագրերը կարող են կնքվել միայն «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի միջոցով։
65 միլիոն դոլարը հատկացվելու է ատոմակայանին տրամադրվելիք բյուջետային վարկի շրջանակում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում