ԵԱՏՄ մաքսային ծառայությունների ներկայացուցիչները 19 որոշում են ստորագրել
Նմանատիպ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ներկայացուցիչները 19 որոշում են ստորագրել ՌԴ Կազան քաղաքում, որտեղ կոլեգիայի նիստ է անցկացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Որոշումները վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, մասնավորապես` ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման առանձնահատկություններին, մաքսային արժեքի մակարդակի հսկողության ենթակա ապրանքների ցանկի լրացմանը, մաքսային տարանցման ժամկետներին, 2024-2026թթ․ իրավապահ ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների միջոցառումների ցանկի հաստատմանը և մի շարք այլ հարցերի»,– ասված է հաղորդագրությունում։
Ներկայացվել են նաև ռիսկերի կառավարման ոլորտում աշխատանքների համակարգման կազմակերպման և դրական փորձի, ինչպես նաև հետբացթողումային հսկողության կիրառման և զարգացման աշխատանքային խմբի իրականացրած աշխատանքների արդյունքները։
ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 44-րդ նիստին մասնակցել են Հայաստանի (ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը և նրա գլխավորած պատվիրակությունը), Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը:
Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ նիստն անցկացնել 2024 թվականի առաջին եռամսյակում Բելառուսի Հանրապետությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում