Մեկնարկել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը
Նմանատիպ
Դեկտեմբերի 14-ին Երևանում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը մեկնարկել է «Տրանսպորտային փոխկապակցվածության դերը կայուն և դիմակայուն զարգացման խթանման հարցում» խորագրով բացման հատվածով:
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆաթիման և Բոտսվանայի ԱԳ նախարար, դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով նախագահող Լեմոգանգ Կվապեն:
Իր բացման ուղերձում Հայաստանի Հանրապետության վարչապետը ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը, ինչպես նշեց Փաշինյանը, հանդիսանում է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման Հայաստանի օրակարգի հիմնասյուներից մեկը:
«Այն նպատակ ունի իրար կապել Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը և տնտեսական ու մշակութային առնչությունների ամրապնդման և մարդկանց միջև շփումների միջոցով նպաստել քաղաքական երկխոսությանը և հասնել տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղության՝ հօգուտ բոլոր ժողովուրդների»,- ասել է նա:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում նշել է, որ «առկա մարտահրավերներին արդյունավետ արձագանքը և վերականգնումը պահանջում է անհավասարությունների և խտրականության հասցեագրում ու ներառականության ապահովում»:
Ըստ նրա՝ մարդկանց, բեռների ու ծառայությունների ազատ տեղաշարժի համար քաղաքական խոչընդոտների վերացումը, մասնավորապես տնտեսական ու սոցիալական իրավունքների և բոլոր ժողովուրդների զարգացման իրավունքի իրացումը կարևոր գործոն է գլոբալ շուկաներին դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ինտեգրման համար:
«ՄԱԿ-ի Զարգացման համակարգն ունի անհրաժեշտ գործիքակազմը, փորձառությունը և գործընկերների ցանցը՝ առաջ մղելու համագործակցությունը դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների ու զարգացման գործընկերների միջև: Այս առումով մենք մասնավորապես կարևորում ենք երկրների մեր խմբի առևտրային, տրանսպորտային ու տարանցիկ ներուժի լիարժեք իրացումը՝ ներառական փոխկապակցվածությունը որակյալ, կայուն և դիմակայուն ենթակառուցվածքների խթանման, տրանսպորտային ցանցերի մատչելի ու հավասար օգտագործման ապահովման ու առևտրի դյուրացման միջոցով»,- ասել է արտգործնախարարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում