ՌԴ օդանավակայաններում ՀՀ ավիաընկերությունների համար վճարները կբարելավվեն
Նմանատիպ
ՌԴ օդանավակայաններում ՀՀ ավիաընկերությունների համար վճարների հետ կապված իրավիճակը կբարելավվի։ ՌԴ և ՀՀ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այդ մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Միջկառավարական հանձնաժողովի նիստում շատ կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել` ներդաշնակեցնել օդանավակայանային և աերոնավիգացիոն սակագներն ու տուրքերը։ Ակնհայտ է, որ դա առավել լավ պայմաններ կստեղծի հայկական ավիաընկերությունների համար, որոնք թռիչքներ են իրականացնում դեպի Ռուսաստան»,– նշել է Օվերչուկը։
Սա իր հերթին ավելի կբարելավի երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման հնարավորությունները։ ՌԴ–ում, ըստ Օվերչուկի, մարդիկ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ՀՀ մշակույթի և պատմության նկատմամբ:
«Դեպի ՀՀ շատ մեծ զբոսաշրջային հոսք կա. շուրջ 850 հազար մարդ այս տարվա ընթացքում ՌԴ–ից այցելել է Հայաստան, իսկ ՀՀ–ից մոտ 260 հազար զբոսաշրջիկ է եկել ՌԴ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Նրա խոսքով` սրանք լավ ցուցանիշներ են, որոնք պետք է պահպանել։
Անդրադառնալով տնտեսական կապերին` Օվերչուկն ասաց, որ լավ առաջընթաց է արձանագրվել երկու երկրների միջև առևտրի ու տնտեսական ակտիվության առումով։ Այս պահի տվյալներով` 43.5 տոկոսով ավելացել է երկկողմ առևտրաշրջանառությունը, որի մեջ ռուսական ռուբլու մասնաբաժինը հասել է 90.3 տոկոսի։
Նրա բնութագրմամբ` սա շատ լավ ու կարևոր ցուցանիշ է, որը հնարավորություն է տալիս բավականին արդյունավետ համագործակցել և զարգացնել երկկողմ առևտրատնտեսական կապերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում