Ակտիվացել են ֆիշինգային հարձակումները․ ինչպե՞ս պաշտպանվել
Նմանատիպ
Համացանցի հայկական տիրույթում կրկին ակտիվացել են ֆիշինգային հարձակումները, որոնք կազմակերպվում են հայկական բանկերի անունով կեղծ կայքերից ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների անունից։ Տեղեկությունը հայտնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
«Որևէ կայքում ձեր բանկային, անձնական տվյալները լրացնելուց առաջ համոզվեք, որ նշված հարթակը տվյալ ֆինանսական կազմակերպության պաշտոնական կայքն է»,– զգուշացնում է գործակալությունը։
Նշենք, որ ֆիշինգը կեղծ էլեկտրոնային նամակներ ու կայքեր օգտագործելու միջոցով այլոց անձնական, էլեկտրոնային տվյալները հափշտակելու միջոց է:
Ֆիշինգային հարձակման ժամանակ չարագործները քողարկվում են որևէ վստահելի ընկերության կամ անձի անվան տակ, որոնց հետ հավանական է, որ զոհը առնչություն ունեցած լինի, ու նրանց հատուկ ձևով կեղծ հաղորդագրություն են ուղարկում: Հաղորդագրությանը կցվում է վնասաբեր ֆայլ, կամ հղում է տեղադրվում, որտեղ պահանջում են լրացնել էլեկտրոնային փոստի մուտքանունն ու գաղտնաբառը, իսկ իրականում դրանք փոխանցվում է ֆիշինգային հարձակում կազմակերպողին:
Ֆիշինգային հարձակում կազմակերպողները հաճախ խոստանում են մեծ գումարներ, տարատեսակ շահումներ, օրինակ` սմարթֆոններ: Նման հաղորդագրությունները հաճախ տարածվում են հայտնի մարդկանց անունով կեղծ էջերից` էլեկտրոնային փոստով կամ սոցիալական ցանցերով:
Ինչպես պաշտպանվել ֆիշինգային հարձակումներից՝
Երբեք մի՛ ուղարկեք անձնական տվյալներ էլեկտրոնային հաղորդագրությամբ, եթե միանշանակ վստահ չեք, թե ում եք ուղարկում:
Մի՛ սեղմեք անծանոթ, պատահական հասցեներից եկած նամակներում առկա հղումներն ու ֆայլերը:
Ձեր էլեկտրոնային փոստում, սոցիալական ցանցի էջերում ու այլ հաշիվներում, որտեղ կա հնարավորություն, միացրե՛ք «երկփուլանի վավերացում» ֆունկցիան` որպես պաշտպանության հավելյալ միջոց:
Ֆիշինգային հարձակման ժամանակ հաքերները կիրառելու են իրական կայքին շատ նման կայք, պետք է ուշադրությամբ զննել ու համոզվել, որ տառային ու սիմվոլային տարբերություններ չկան կայքի հասցեում:
Անվտանգ կայքի հասցեն սկսվում է «https»-ով:
Հիշեցնենք` ֆիշինգը կիբեռհարձակումների ամենահին տեսակներից է: 1990-ականներից մինչ հիմա այն լայնորեն կիրառվում է: Ֆիշինգը անգլերեն «fish» (ձուկ) բառից է, որը ենթադրում է, որ հարձակվողը կարթ է գցում` հուսալով, որ զոհը խայծը կուլ կտա: Տերմինը 1990-ականներին ծագել է հաքերների շրջանակում:
Ֆիշինգային հարձակումների զոհ չդառնալու համար կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ գործակալության կազմած ուղեցույցին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում