Կարմիր ծովում նավթային տանկերները ենթարկվում են հարձակումների
Նմանատիպ
Ամերիկյան WTI տեսակի նավթի գները Լոնդոնում տեղի ունեցող սակարկությունների ժամանակ քիչ են փոխվում, այն դեպքում, երբ Brent էտալոնային ապրանքանիշի արժեքը աճում է։ Աճը պայմանավորված է նրանով, որ Եմենի հութիների հարձակումները Կարմիր ծովում առևտրային նավերի վրա խախտել են ծովային առևտրի կարգը և ստիպել համաշխարհային ընկերություններին փոխել բեռնափոխադրումների երթուղին։ Այս մասին հայտնում է Reuters-ը:
Brent-ի ֆյուչերսները Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ին աճել են 0,17 տոկոսով՝ հասնելով 78,08 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, WTI-ն քիչ է փոխվել՝ հասնելով 72,5 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Սև ոսկու երկու տեսակներն էլ անցած երկուշաբթի աճել են ավելի քան 1 տոկոսով՝ այն մտավախությունների ֆոնին, որ բեռնափոխադրողները կշրջանցեն Կարմիր ծովը:
Բրիտանական նավթագազային հսկա BP-ն ժամանակավորապես դադարեցրել է բոլոր տարանցիկ փոխադրումները Կարմիր ծովով: Նավթի լցանավերի օպերատոր Frontline-ը նախօրեին հայտնել էր, որ իր նավերը նույնպես կխուսափեն այդ ուղուց, ինչը վկայում է ճգնաժամի ընդլայնման մասին, որն ազդել է էներգակիրների մատակարարման վրա:
Միացյալ Նահանգներն իր հերթին, հանդես են եկել հայտարարությամբ, որ իրենք կպահանջեն բեռնափոխադրողներից ավելի շատ տեղեկություններ տրամադրել ռուսական նավթի գործարքների մասին՝ փորձելով ապահովել արևմտյան պատժամիջոցների պահպանումը: Այս մասին հայտնել են ամերիկացի պաշտոնյաները՝ միաժամանակ խոստովանելով, որ առևտրաշրջանառության զգալի մասն արդեն խուսափել է վերահսկողությունից այն բանի շնորհիվ, որ Ռուսաստանը փաստացի ստեղծել է տանկերներից կազմված զուգահեռ ստվերային նավատորմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում