Ադրբեջանում հայտնաբերվել է նավթահորի պայթյունի երեք զոհերի դիակները

Հինգշաբթի Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR) պատկանող Կասպից ծովում գտնվող «Նարիմաննեֆտ» նավթագազային արդյունահանման ընկերության թիվ 441 հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով SOCAR-ի երեք աշխատակիցներ զոհվել են, մեկն անհայտ կորել:

Վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ հանքահորի հարթակի կառուցվածքը փլուզվել և ընկել է 700 մմ տրամագծով գազատարի վրա, ինչը վնասել է այն և հրդեհ առաջացրել:

Միջադեպի պահին հարթակի վրա գտնվել են 41 նավթագործներ, որոնցից 37-ին հաջողվել է էվակուացնել: Չորս բանվորներ համարվում էին անհայտ կորած, սակայն այսօր SOCAR-ը և Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` նշելով, որ հայտնաբերվել են վթարի արդյունքում մահացած երեք բանվորների մարմինները: Նրանց մարմինները փրկարարները գտել են ծովի հատակին և դուրս բերել ափ: Եվս մեկ անհայտ կորած աշխատակցի որոնումները շարունակվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում