2024թ․-ի սկզբին ՀՀ–ում կանցկացվեն վարժական հավաքներ
Նմանատիպ
2024թ.-ի հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ ՀՀ–ում կանցկացվեն վարժական հավաքներ։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները:
Նախատեսվում է` վարժական հավաքներին ներգրավել մինչև 2838 քաղաքացու, որոնցից 2579-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 98-ը` ավագ ենթասպայական կազմի, 161-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:
Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի կներգրավվի ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։
Վարժական հավաքների ապահովման համար 2024թ.-ի հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 10 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց (անվավոր բազմաշերեփ էքսկավատորներ (խրամատափորներ))՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
Այս որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նշենք, որ Հայաստանում վերջին վարժական հավաքները նոր են ավարտվել, դրանք անցկացվել են 2023թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում