6 ամիս ժամկետով արգելվել է սիգի ձկնկիթի արտահանումը

6 ամիս ժամկետով արգելվել է սիգի ձկնկիթի արտահանումը

ՀՀ–ից 6 ամիս ժամկետով արգելվել է սիգի ձկնկիթի արտահանումը։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նշվում է, որ այս որոշումն ուժի մեջ է մտնում 2024թ.-ի հունվարի 2–ից և գործում է վեց ամիս ժամկետով։

«ՀՀ–ից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, սիգի կայուն զանգվածի պահպանում, արդյունագործական որսի իրականացում։

Ի դեպ, ՀՀ կառավարությունից նշում են նաև, որ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման արդյունքում վերջին տարիներին նկատվում է սիգի կենսազանգվածի աճ։ Մասնավորապես, 2019թ.-ին՝ 2668 տոննա, 2020թ.-ին՝ 2345 տոննա, 2021թ.-ին՝ 5348 տոննա, 2022թ.-ին՝ 4700 տոննա, ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում:

Ըստ պատկան մարմինների` սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում. համաձայն որոշ գիտական տվյալների՝ վայրի ձկնատեսակի ընդհանուր պաշարը կազմում է մինչև 10000 տոննա, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավելի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում