Արգելվել է երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը Հայաստան
Նմանատիպ
Վեց ամիս ժամկետով արգելվել է երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը Հայաստանի Հանրապետություն։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Այս որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 18-ից և գործում է մինչև 2024 թվականի հուլիսի 18–ը։
«Որոշման ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ»,– նշված է հիմնավորման մեջ:
Գործադիրն այսպիսով ցանկանում է տեղական ցեմենտ արտադրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։
Մասնավորապես, 2023թ.-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 965 հազ. տոննա ցեմենտ, ինչը 20,1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Նշվում է, որ արտադրության աճին զուգընթաց աճել է նաև ցեմենտի ներմուծումը` 2023թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան է ներմուծվել 173 հազ.տոննա (աճը՝ 5.7 անգամ), ինչը բացատրվում է ներքին շուկայում ցեմենտի պահանջարկով և ներմուծման պետական տուրքի նվազեցմամբ` 14000 դրամից այն դարձել է 2000 դրամ։
2023 թ–ին տնտեսապես նպատակահարմար է դարձել կլինկերի և ցեմենտի ներմուծումը Վրաստանից, ինչպես նաև ցեմենտի ներմուծումը ՌԴ-ից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում