Կփոխհատուցվի մինչև սեպտեմբերի 19-ը ՀՀ բուհերում սովորող արցախցի ուսանողների վարձը
Նմանատիպ
ՀՀ կառավարությունը կփոխհատուցի նաև արցախցի այն ուսանողների ուսման վարձը, որոնք մինչև սեպտեմբերի 19-ը եղել են ու շարունակում են լինել ՀՀ բուհերի ուսանող։ Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մենք երկու խումբ ուսանողներ ունեինք, որոնց վարձավճարներն արել են կա՛մ ծնողները, կա՛մ ԼՂ իշխանությունները, որոնց ֆինանսավորումը հայտնի պատճառներով դադարեցվել է։ Այս ուսանողների դեպքում կրթության իրավունքի վերականգնման խնդիր մենք չունենք, սակայն ունեինք ֆինանսական աջակցության կոնկրետ խնդիր»,– ընդգծել է նախարարը։
Նա նշել է, որ խոսքը վերաբերում է շուրջ 935 ուսանողի, որոնցից 860–ը բուհական համակարգում են սովորում, 75–ը` միջին մասնագիտական կրթության ուսուցման համակարգում։
«Նրանք այն ուսանողներն են, որոնք ՀՀ կառավարության նախորդ որոշումներից դուրս էին մնացել, քանի որ նախորդները վերաբերում էին այն ուսանողներին, որոնք ԼՂ բուհերի ուսանողներ էին ու կրթության շարունակության խնդիր ունեին»,– ասել է Անդրեասյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը փոխհատուցելու է առաջին կիսամյակի ուսման վարձը` մոտ 264 մլն դրամ։ Այս գումարը նվիրաբերության պայմանագրերով հատկացվելու է համապատասխան ուսումնական կրթական հաստատություններին։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իր հերթին նշել է, որ կան ուսանողներ, որոնք արդեն իսկ կատարել են վճարումները, նրանք պետք է բուհերից պահանջեն վերադարձել այդ գումարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում