Բժշկելով մարդկանց հոգիները․ Կառլեն Եսայան-90
Նմանատիպ
Այսօր ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Կառլեն Լազարի Եսայանի ծննդյան օրն է։ Վաստակավոր բժիշկը ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 21-ին Արցախի Մեծշեն գյուղում։
Որպես իսկական գործի նվիրյալ՝ նա ամբողջ կյանքում սովորել և կատարելագործել է իր մասնագիտական հմտությունները։
1977-2003 թվականներին աշխատել է Երևանի 8-րդ բուժմիավորումում` որպես գլխավոր բժշկի փորձագիտական գծով տեղակալ։ 2003-2004 թվականներին` «Դավիթ Անհաղթ» բժշկական կենտրոնի տնօրենի փորձագիտական գծով տեղակալ։ 2004-2014 թվականներին եղել է «Դավիթ Անհաղթ» ԲԿ-ի ԲՓՀ-ի նախագահ։
2006 թվականին ընտրվել է Եվրոպայի Ակադեմիայի բնական գիտությունների իսկական անդամ։
Որպես հարգանքի տուրք՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Կառլեն Եսայանի անունը կրող անունը կրող պոլիկլինիկայի առջև տեղադրվել է մեծանուն բժշկի արձանը։
ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանը կնոջ՝ ՀՀ վաստակավոր բժիշկ Սառա Եսայանի հետ միասին, տարիներ շարունակ բազմաթիվ բարեգործություններ են իրականացրել Հայաստանում և Արցախում։
«Ես չեմ սիրում, երբ խոսում են իմ մասին: Սիրում եմ միայն աշխատել և գործ անել: Ես շքանշանների չեմ սպասում, ես պարզապես աշխատում եմ»։ Այսպես էր տարիներ առաջ ասել ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Կառլեն Եսայանը:
Բարի, համեստ, իր գործի գիտակ այդ մարդը Հայաստանում և Արցախում թողել է բազմաթիվ հուշակոթողներ, աջակցել է տարբեր կառույցների՝ մարդկանց կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար, կառուցել և բարեկարգել է կարևոր շինություններ։ Շատերի մասին, վստահաբար, լսել եք կամ տեսել։
Եսայանների հովանավորությամբ Արագածոտնի մարզում Տառ-քարերի մոտ տեղադրվել են Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու, Վռամշապուհ թագավորի, Մեսրոպ Մաշտոցի և Գրիգոր Լուսավորչի արձանները։
Զգալի ավանդ են ներդրել հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի Երևանում կառուցվող կենտրոն-թանգարանի հիմնադրամին։
Նրանց հովանավորությամբ Երևանում կառուցվել է Ֆ.Նանսենի թանգարանի շենքը, որտեղ տեղադրվել է նաև Նանսենի հսկա արձանը։ Կառուցվել է Սբ. Աստվածածին եկեղեցին` իր երիցատնով, սրբաքանդակ արձաններով։
Եսայանները բազում հուշարձանների, խաչքարերի և սրբաքանդակների հովանավորներ են եղել։ Նրանց շնորհիվ կառուցվել է Գրիգոր Լուսավորչի արձանը, Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված հուշարձան-կոթողը, զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարը և այլն։
Մեծանուն նվիրյալը մահացել է 2014 թվականին, սակայն նրա մահից հետո էլ իր գործը շարունակվել է։ 2016 թվականին Կառլեն և Սառա Եսայանների անունից ամբողջությամբ վերակառուցվել է և կահավորվել Երևանի «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ շենքը, որը հանդիսանում է Երևան քաղաքի սեփականությունը։
2020 թվականին Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրել է ՀՀ վաստակավոր բժշկին նվիրված ֆիլմ։ Այն իսկապես մտորելու տեղիք է տալիս՝ ինչպես ապրել, գործել ու սիրել։ Նրա ապրած ողջ կյանքն օրինակ է՝ ինչպիսին պետք է լինի մարդը, քաղաքացին, մասնագետը։
Շնորհավո՛ր երկնային 90-ամյակդ, վաստակաշա՛տ բարերար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում