ՀՀ-ն շահավետ պայմաններով կօգտվի իրանական նավահանգիստներից
Նմանատիպ
Հայաստանն ավելի շահավետ պայմաններով կկարողանա օգտագործել իրանական նավահանգիստները՝ Երևանի և Թեհրանի միջև արդյունաբերական համագործակցության մասին հուշագրի ստորագրումից հետո։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։
Դեկտեմբերի սկզբին Երևանը և Թեհրանը պայմանավորվել են հուշագիր ստորագրել արդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ, որը հայկական կողմին թույլ կտա օգտվել իրանական նավահանգիստներից։
«Այս պահին կողմերը քննարկում են, հուշագիր ստորագրելու պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- նշել է Տերյանը։
Փաստաթղթի ստորագրումից հետո հայկական կողմը կկարողանա պարզեցված եղանակով օգտագործել, մասնավորապես, Իրանի երեք գլխավոր նավահանգիստները՝ Անզալի, Բանդար Աբբաս, Չաբահար։
Փոխնախարարը նշել է, որ այս նախաձեռնությունը տեղավորվում է «Աշխարհի խաչմերուկ» նախագծի տրամաբանության մեջ։
Ինչ վերաբերում է Չաբահար նավահանգստում Երևանի օպերատորի գործունեությանը, ապա հարցը քննարկման փուլում է Իրանի և Հնդկաստանի հետ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ հայկական բիզնեսը պարզեցված մուտք կունենա իրանական նավահանգիստների միջոցով դեպի արաբական հարուստ երկրների շուկաներ, ինչպես նաև 1,5 միլիարդանոց Հնդկաստան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում