ՀՀ-ում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են

ՀՀ-ում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են

Հայաստանում 2023 թվականին անչափահասների կողմից կատարված հանցագործության դեպքերն աճել են: Տեղեկությունը հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման (ՀԱԱ) գլխավոր վարչությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը:

Նշվում է, որ 2023 թվականի 10 ամիսների ընթացքում հաշվառվել է անչափահասների կողմից և նրանց մասնակցությամբ կատարված 228 հանցագործության դեպք։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է հանցագործությունների 183 դեպք։

«Հանցագործությունների գերակշիռ դեպքերը գույքային հափշտակության են»,–նշված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ դարձնելու, ինչպես նաև անչափահասների իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու նպատակով ՀՀ ոստիկանության ծառայողները հանրակրթական դպրոցներում և ուսումնական հաստատություններում անցկացնում են հանդիպումներ, զրույց-զեկուցումներ տարբեր իրավական թեմաներով:

«Անցկացվող հանդիպումներն ու զրույցներն անչափահասներին հնարավորություն են տալիս սովորել ու իմանալ իրենց իրավունքներն ու պարտականությունները, որպեսզի զերծ մնան այլ անձանց շահագործումից (թրաֆիքինգ) ու հանցավոր այլ ոտնձգություններից»,-նշված է հաղորդագրության մեջ:

«Ոստիկանության ծառայողները հաճախակի այցելություններ են կատարում հաշվառվողի ուսման, աշխատանքի և բնակության վայրեր, որտեղ համապատասխան կանխարգելիչ բնույթի զրույցներ են անցկացնում նրանց դասավանդող ուսուցիչների, հարևանների և նրանց հարազատների հետ` նպատակ ունենալով պարզել վերջիններիս վարքագիծը շրջապատում: Կանխարգելիչ աշխատանքներում ընդգրկվում են նաև իրավախախտ անչափահասների ծնողներն ու ընտանիքի այլ անդամները»,-հայտնում է ոստիկանությունը:

Ոստիկանությունը կարծում է, որ դպրոցական տեսուչի ներկայությունը դպրոցներում հնարավորինս կանխում է աշակերտների միջև հնարավոր վիճաբանություններն ու ընդհարումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում