Այսօր դիրիժոր, Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակն է
Նմանատիպ
1928 թվականի դեկտեմբերի 23-ին Կոստանդնուպոլսում ծնվել է երգչախմբային դիրիժոր, կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը։ Թուրքիայում ծնվելն ու մեծանալը մեծ ազդեցություն է ունեցել Չեքիջյան մարդու և արվեստագետի վրա։ Նրա հայրը Կոմիտասի աշակերտներից էր, ուստի իրենց տանը միշտ լսել են ազգային ու մաքուր երաժշտություն։
«Շատ անբախտ է այն մարդը, որը հայ է ու Թուրքիայում է ծնվում։ Թուրքիայում ծնված հայը ինչ պետք է լինի, օրինակ` Անգլիայում ծնվելը երջանկություն է։ Մինչև այսօր էլ թուրքերի մեջ նստած է «հային վատ բան անելը դրախտի ուղեգիր է» գաղափարը»,- մի անգամ ասել է Չեքիջյանը։
Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը բազմաթիվ ելույթներ է ունեցել մշակութային խոշոր կենտրոններում` Նյու-Յորքում, Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում և այլուր։ Ընդհանուր առմամբ՝ 184 քաղաք:
Չեքիջյանը ղեկավարել է 67 սիմֆոնիկ նվագախումբ: Նրա ղեկավարությամբ խորհրդային «Մելոդիա» ընկերությունը թողարկել է բազմաթիվ ձայնասկավառակներ՝ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի և ԽՍՀՄ առաջնակարգ սիմֆոնիկ նվագախմբերի կատարմամբ: Դրանցից մեկը 1978թ. Փարիզում շահել է Grand Prix մրցանակը:
Խոսելով իր ձեռքբերումների մասին, նա ընդգծել է, որ առանց հոգնելու ոչ մի լավ բան չի լինում, սակայն այդ ամենում հաճելին այն է, որ երբ համերգը վերջանում է, ժողովուրդը շնորհակալ է լինում։
Վաստակավոր դիրիժորը բազմիցս հարցազրույցներ է տվել և նշել, որ ինքը ապրել ու ապրում է երաժշտությամբ։ Նրա համոզմամբ՝ նոտաներն իմանալ և դրանք կատարելը դեռևս երաժշտություն չէ։ Հավերժորեն երաժշտության հետ կապվելն էլ դարձել է նրա երիտասարդության ու երկարակեցության գաղտնիքը։
«Ես հանգած հրաբուխ չեմ։ 1944 թվականից մինչև հիմա բեմում եմ։ Այժմ երազում եմ ազատ ժամանակի մասին»,- ասել է նա։
Հովհաննես Չեքիջյանին շնորհվել են բազմաթիվ մեդալներ, կոչումներ, պարգևներ և շնորհակալագրեր: Պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշ», «Ժողովուրդների
բարեկամություն», «Մեսրոպ Մաշտոց», «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ», «Ադամանդակուռ Արարատ», «Արվեստի ասպետ», ադամանդակուռ «Ոսկե Խաչ» և «Համագործակցության աստղ» շքանշաններով:
Կոմպոզիտորը երեք միջազգային ակադեմիաների անդամ է:
Հովհաննես Չեքիջյանի մասին կարելի է ասել՝ դարաշրջանի երաժշտական արվեստի խորհրդանիշ՝ հարուստ կենսագրությամբ ու ստեղծագործական գործունեությամբ։