«Գորոյան ռեյսինգ» թիմը Dubai24 միջազգային մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղը
Նմանատիպ
Այս տարի դեկտեմբերի 9-10-ը Դուբայում կայացել է քարթինգի 24 ժամյա մրցույթը, որի ընթացքում «Գորոյան ռեյսինգ» թիմը հանդես է եկել փայլուն ելույթով և միջազգային մրցաշարում, որին մասնակցել են ներկայացուցիչներ 48 երկրից, զբաղեցրել է 3-րդ տեղը։ Սա եղել է առաջին անգամ, երբ Հայաստանը մասնակցել է ազգային թիմով։
Այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում «Գորոյան ռեյսինգ» թիմի ներկայացուցիչները պատմել են միջազգային մրցաշարի ընթացքում իրենց ստացած տպավորությունների, դժվարությունների մասին և ներկայացրել առաջիկայում սպասվող ծրագրերը։
Դեռ մեկ տարի առաջ միջազգային մրցաշարին հայկական թիմով ներկայանալը միայն գաղափար էր, որը պետք էր իրագործել։ Եվ ընդամենը 6 ամսում թիմի ղեկավար Արթուր Գորոյանը կարողացել է ընտրյալներից թիմ հավաքել, անհրաժեշտ մասնագիտական մարզումներ իրականացնել, և մասնակցել Դուբայում անցկացվող քարթինգի միջազգային՝ մրցաշարին զբաղեցնելով 3-րդ տեղը։ «Գորոյան ռեյսինգ» թիմի անդամներն են Դավիթ Հովհաննիսյանը, Արտակ Խաչատրյանը, Սարիբեկ Սարիբեկյանը, Կարեն Սարգսյանը, Ռոդիոն Կռիլովը և Գուրգեն Դալիբաթյանը, ովքեր ջանք չեն խնայել 24 ժամյա մրցման ընթացքում ցուցաբերելու մասնագիտական իրենց առավելագույն կարողությունները։
«Այս ամենով մենք ցույց տվեցինք, որ չունենալով մեծ քանակությամբ քարթինգ ուղիներ, տեղում չունենալով քարթինգի չեմպիոններ, պրոֆեսիոնալ մարզիչներ, մենք կարող ենք սկսել գործը և հասցնել ավարտին։ Նախագծի նպատակներից մեկը եղել է վերլուծությունը, հասկանալու ինչ ունենք, ինչ չունենք և ինչի պետք է ձգտենք»,- ասուլիսի ժամանակ հայտնել է ռեյսինգ թիմի ղեկավար Արթուր Գորոյանը։
Խոսելով առաջիկա նախագծերից և նպատակներից, ռեյսինգ թիմի ղեկավարը կարևոր է համարում Հայաստանում նոր և շատ քարթինգ ուղիների, ավտոդպրոցների ստեղծումը, որը կնպաստի առաջին հերթին մեքենավարման մշակույթին, որի պակասը, ցավոք, կա մեր իրականության մեջ։ Ապագա և ներկա վարորդները կսովորեն ճիշտ և հմուտ վարել մեքենաները երթևեկության մեջ, կտիրապետեն մեքենավարման մանևրներին, և դրա արդյունքում, բնականաբար, զգալի կնվազեն անցանկալի ավարտով ավտովթարները։ Իսկ նման նախագծերի իրականացման համար անհրաժեշտ են ներդրողներ, հովանավորներ։
Ասուլիսին ներկա Հայաստանում ավտոսպորտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանն իր հերթին նշել է, որ երկրի անունը միջազգային մրցաշարերում բարձր պահելու, ինչպես նաև աշխարհում ճանաչելիության հասնելու համար շատ կարևոր է պետության աջակցությունը, որը ցավոք այս պահին նրանք դեռ չունեն, քանի որ ավտոսպորտը չի մտնում օլիմպիական ընտանիքի մեջ։ «Ներկա պահին պետական աջակցությունը կայանում է նրանում, որ ֆեդերացիան դիմում է պետությանը ինչ-որ միջոցառման կազմակերպման հարցերով, օրինակ` շտապօգնության, ճանապարհային ոստիկանության ներկայության համար միջոցառման անցկացման ժամանակ, նրանք դրանով աջակցում են։ Բայց բուն միջոցառման կազմակերպումը մենք իրականացնում ենք մեր միջոցներով։ Հարևան երկրներում ավտոսպորտին մեծ ուշադրություն է դարձվում պետական մակարդակով, որն էլ իր հերթին նպաստում է այդ երկրներում մեքենավարման ավելի բարձր մշակույթին» – եզրափակեց Արսեն Մանուկյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչ ծրագրեր ունի ռեյսինգ թիմը գալիք 2024 թվականին, «Գորոյան ռեյսինգ» թիմի ղեկավար Արթուր Գորոյանը պատասխանեց, որ նախատեսում են մասնակցել հնարավորինս շատ մրցույթների, այդպիսով աշխարհում մեծացնելով հետաքրքրությունն ու ճանաչելիությունը Հայաստանի ու հայի նկատմամբ։