Հանդիպել եմ Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հանդիպել եմ Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Այսօր հանդիպել եմ Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանին։ Ծանոթանալով իրեն հղված բաց նամակիս բովանդակությանը՝ պարոն Նախագահը խնդրել է ավելի հանգամանալից ներկայացնեմ իմ դիրքորոշումն ու փաստարկները։ Պետք է շատ անկեղծ ասեմ՝ զրույցի ընթացքից գոհ եմ։ Սամվել Շահրամանյանը կանգնած է դժվար որոշում կայացնելու անհրաժեշտության առջև և այս փուլում ցանկանում է ծանոթանալ բոլոր կողմ և դեմ փաստարկներին։ Այս մասին երեկ իր տելեգրամյան ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ 

«Վստահ եմ՝ իմ մոտեցումներն ընդունելի էին նրա համար։ Սակայն իր մտահոգություններն էլ են ծանրակշիռ։ Ես շնորհակալ եմ պարոն Շահրամանյանին այս քննարկման համար։ Լիահույս եմ, որ մինչ տարվա վերջ Արցախի իշխանությունները կընդունեն իմ կարծիքով միակ ճիշտ որոշումը և կհայտարարեն Սեպտեմբերի 28-ի հրամանագրի չեղարկման մասին»,- հավելել է քաղաքագետը։

Նա նշել է նաև. «Սիրելի հայրենակիցներ, բայց որպեսզի այդ որոշումը կայացվի, մեզնից յուրաքանչյուրը նույնպես կարևոր անելիք ունի։ Մենք պետք է կանգնենք Արցախի պետականության և նրա իշխանությունների թիկունքին։ Վստահ եմ՝ շատերդ եք տեսել, թե ինչ արշավ է սկսվել Արցախի դեմ։ Թշնամին ուզում է, որպեսզի 2024թ. հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը լուծարվի»։

«Ես կարծում եմ, որ բոլորիս պարտքն է ամեն կերպ խոչընդոտել կործանարար այդ ընթացքին։ Պետք է դիմակայել հակաարցախյան քարոզչության բոլոր դրսևորումներին և հորդորել Արցախի քաղաքական վերնախավին մինչև վերջ դիմակայել ամեն տեսակ դժվարություններին՝ փրկելու պետականության փշրանքները։ Վստահեցնում եմ՝ այդ սերմերն անպայման պտուղ են տալու»,- եզրափակել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում