Բայդենը կարգադրել է հարվածներ հասցնել Իրաքի ուղղությամբ

Նմանատիպ
Միացյալ Նահանգները հարվածներ են հասցրել Իրաքում «Քաթաիբ Հեզբոլլահ» իրանամետ խմբավորման և դրա հետ կապված ուժերի երեք օբյեկտների ուղղությամբ: Ինչպես փոխանցում է Associated Press-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ հարվածները հասցվել են ի պատասխան Իրաքում և Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա հարձակումների, այդ թվում՝ Էրբիլի ավիաբազայի վրա «Քաթաիբ Հեզբոլլահ» հարձակման: Նշվում է, որ Էրբիլում հարձակման հետևանքով տուժել է երեք ամերիկացի զինծառայող, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Նշենք, որ նախօրեին Իրաքի հյուսիսում գտնվող ռազմաբազան, որը ստեղծված էր ԱՄՆ-ի և իր կոալիցիոն գործընկերների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի համար, հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից:
Սպիտակ տան փոպանցմամբ, ի պատասխան այդ հարձակման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է հարվածներ հասցնել Իրաքում գտնվող խմբավորումների ուղղությամբ:
«Նախնական գնահատականները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի կողմից հասցված ավիահարվածները ոչնչացրել են նախատեսված օբյեկտները, ինչպես նաև «Քաթաիբ Հըզբոլլահի» մի քանի զինյալների։ Որևէ նշան չկա, որ հարվածների արդյունքում քաղաքացիական անձ տուժած լինի»,-ասված է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հայտարարության մեջ ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում