Իրանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա

Իրանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա

Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին հայտարարել է 2024 թվականի հունվարին նախագահ Այաթոլլահ Էբրահիմ Ռաիսիի Թուրքիա կատարելիք այցի մասին: Այս մասին հայտնում է Իրնա գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը վերջերս Անկարա կատարած այցի ժամանակ իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ նախագահ Այաթոլլահ Էբրահիմ Ռաիսին Էրդողանի պաշտոնական հրավերով առաջիկայում կայցելի Անկարա, որտեղ կանցկացվի երկու երկրների միջև համագործակցության հարցերով համատեղ բարձրագույն կոմիտեի նիստ:

Անցյալ ամիս իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Էբրահիմ Ռաիսին հայտարարել էր, որ Գազայի ժողովուրդը պետք է որոշի Գազայի ապագան ՀԱՄԱՍ-ի միջոցով՝ որպես օրինական կառավարություն, որը հիմնված է այդ տարածաշրջանում հանրային քվեարկության վրա:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտել կամ որևէ որոշում կայացնել Գազայի ժողովրդի համար, և ցանկացած գործողություն, որը նա կձեռնարկի այդ հարցում, դատապարտված կլինի ձախողման, նշում է Իրնա գործակալությունը:

Ռաիսին Իրանին և Թուրքիային համարել է իսլամական աշխարհում կարևոր և ազդեցիկ երկրներ և հույս հայտնել, որ երկու երկրների միջև համատեղ համագործակցությունը կդառնա Իսլամական երկրների միջև համագործակցության մոդել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում