Իրաքի պաշտպանության նախարարը խոստացել է բարեփոխել բանակը

Իրաքի նորանշանակ պաշտպանության նախարար Խալիդ ալ Օբեյդին Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելի հետ զրույցում նշել է, որ ցանկանում է բարեփոխել իր երկրի բանակը և հաստատել «Իսլամական պետության» դեմ պայքարը շարունակելու մտադրության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին:

Կիրբիի խոսքով` նախարարը հստակ նշել է, որ մտադիր է շարունակել պայքարը ԻՊ-ի դեմ, ինչպես նաև հոգալ այն մասին, որ իրաքյան զինված ուժերը պատրաստ և ապահովված լինեն ԻՊ-ի դեմ պայքարելու համար անհրաժեշտ ամեն ինչով:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ կողմերը չեն քննարկել իսլամիստների դեմ պայքարի մանրամասները: Օբեյդին հույս է հայտնել, որ Հեյգելը կայցելի Իրաք:

«Իսլամական պետությունն» արդեն մի քանի ամիս է` սպառնալիք է ներկայացնում Իրաքի և Սիրիայի համար: Կազմակերպությունը կարճ ժամանակում հսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ:

ԱՄՆ-ն ավելի քան 50 երկրների աջակցությամբ պայքարում է ԻՊ-ի դեմ: Օդային հարվածների արդյունքում հարյուրավոր ահաբեկիչներ են սպանվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում