Նոր նախագիծ բիոմետրիկ անձնագրերի մասին
Նմանատիպ
ՀՀ կառավարությունը միջազգային մրցույթ կհայտարարի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թվայնացման համար։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարել է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Նա ընդգծել է, որ ներկայացված նախագծով նախատեսվում է իրականացնել կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի` պետություն–մասնավոր հատված համագործակցության ծրագիրը։
Նախարարը տեղեկացրել է նաև, որ համակարգը հիմա կառավարվում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի ծառայության և ՀՀ ԱԳՆ կողմից, իսկ ներկայացված նախագծով կհայտարարվի մրցույթ, որի արդյունքում կընտրվի միջազգային մասնավոր կազմակերպություն։
«Քաղաքացիները դեռևս ստանում են հին նմուշի անձնագրեր ու առանց էլեկտրոնային կրիչի նույնականացման քարտեր, քանի որ առկա ենթակառուցվածներն արդիական չեն և ժամանակակից միջավայրում չեն ապահովում նույնականացման ժամանակակից պահանջները։ Հատկապես ամռանը անձնագրային բաժիններում հսկայական հերթեր են կուտակվում, ու այդ հարցը ոչ թե մարդկային ռեսուրսների ավելացմամբ է հնարավոր լուծել, այլ թվային լուծումներով»,– հայտարարել է Ղազարյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ այսպիսով ՀՀ կառավարության ռազմավարությունը քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումն է, որի դեպքում կենսաչափական անձնագիրը շատ կարևոր նշանակություն ունի։
«Եթե այսօր մենք ուզում ենք անձին նույնականացնել, ապա նայում ենք անձնագրին, ապա քաղաքացու դեմքին, հետո անձնագրին, ապա` դեմքին ու հաստատում ենք կամ ոչ։ Հիմա մենք պետք է ներգրավվենք մասնավոր ընկերության, որ արդիականացնի համակարգն ու թվայնացնի։ Ի դեպ, թվայնացված համակարգի հետագա սպասարկումը ևս նույն ընկերությունն է անելու»,– ասել է վարչապետը։
Ըստ նրա` հաջորդ քայլը լինելու է այն, որ հնարավոր կլինի նաև թվայնացնել էլեկտրոնային ստորագրությունը, ինչպես նաև ստեղծել հավելված՝ նույնականացման քարտի համար։
«Դա նշանակում է` նույնականացման քարտ ստանալուց հետո անձը այն պահելու է տանը, որ չկորի, սակայն մնացած դեպքերում մենք նրան պետք է հնարավորութուն տանք, որ բջջային հավելվածի միջոցով նույնականացման գործարքներ անի։ Ի դեպ, բիոմետրիկ անձնագրերի բոլոր անձնական տվյալների դիզայնը մրցույթում հաղթող ընկերությունն է անելու, սակայն կառավարումը հանձնվելու է բացառապես ՀՀ կառավարությանը, որ անձնական տվյալների խնդիրներ չառաջանան»,– հայտարարել է Փաշինյանը։
«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանն ավելացրեց, որ ազատ վիզայի քննարկումը կապված է նաև բիոմետրիկ` անվտանգ անձնագրերի հետ, և դա, սովորաբար, միշտ որպես կարևոր պայման են նշում։
«Նույնականացման ժամանակ այս համակարգը պետք է լինի կիբեռանվտանգ, իսկ դա բավականին լուրջ ծախսեր են, թեև մենք արագ տեխնոլոգիաներ ենք ներդնում»,– նշել է նա։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին ընդգծել է, որ հիմա այն դոգման, թե եթե ՀՀ կառավարության պահոցում են կենսաչափական անձնագրերի տվյալները, ուրեմն ապահով են, այդ հանգամանքը թվային աշխարհում այլևս չի գործում։
«Այստեղ ամբողջ խնդիրը մեխանիզմի մեջ է, թե կիբեռհանցագործության դեմ ինչ մեխանիզմով է պայքարում պահոցը, այլ ոչ թե` ով է այդ պահոցը»,– նկատել է Գրիգորյանը։
Նա հիշեցրել է, որ տեղեկատվությունը նույնպես սեփականության իրավունքով պետք է լիարժեք պահպանվի հատուկ մեխանիզմով, այլ ոչ թե սուբյեկտով ի դեմս, օրինակ` ՀՀ կառավարության։
Հետևեք մեզ նաև Telegram-ում