Մշակվել է պետպատերով հիվանդանոցային ծառայությունների նոր կարգ

Մշակվել է պետպատերով հիվանդանոցային ծառայությունների նոր կարգ

2024թ․-ից ՀՀ բուժհաստատություններում այլևս չեն լինի պետպատերով հիվանդանոցային ծառայություններ մատուցելու նախնական բաշխումներ։ Կլինի ընդհանուր բյուջե և այն կծախսվի ըստ ուղեգրված քաղաքացիների ընտրության։ Կառավարությունն այսօր ընդունել է «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։

Ներկայացնելով օրենքի նախագիծը` ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ գործող օրենքով յուրաքանչյուր բժշկական կենտրոն ունի տարեկան նախարարի հրամանով սահմանված առավելագույն սահմանաչափեր։

Փոփոխությամբ առաջարկվում է բացառել առավելագույն սահամանաչափեր ունենալը և ըստ փաստացի մատուցված ծառայությունների փոխհատուցել բժշկական կենտրոններին։

«Առաջարկվում է պետական բյուջեի առողջապահության բաժնի ևս 17 միջոցառումների փոխհատուցումը փորձարարական կարգով 6 ամիս ժամկետով, իրականացնել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման օֆերտայի (տիպային պայմանագիր) սկզբունքով»,– ասել է նա։

Նախարարը նշել է, որ բացառություններ կկազմեն միայն պահպանման ծախսերով փոխհատուցվող հոգեբուժական, նարկոլոգիական, տուբերկուլյոզի բուժման, քրեակատարողական հիմնարկներում պահվողնների բուժօգնության միջոցառումները։

Օրենքի փոփոխությամբ կկանոնակարգվի նաև պացիենտների հերթագրումն ու ուղեգրումը։ Ավանեսյանը հայտնել է, որ դուրս է գալու թղթային ուղեգրման տարբերակն ու ամբողջովին անցնում է լինելու էլեկտրոնային ուղեգրման համակարգի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ծրագիրը մոնիտորինգի կենթարկեն, ու եթե տեսնեն՝ խնդիրներ են ծագում, կարձագանքեն դրանց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում