Զանգվածային հարձակումներ Ուկրաինայի և Ռուսաստանի կողմից․ ի՞նչ է տեղի ունեցել
Նմանատիպ
2023 թվականի դեկտեմբերի 29-ի գիշերը և առավոտյան ռուսական զորքերը հերթական զանգվածային հրթիռային հարձակումն են իրականացրել Ուկրաինայի վրա, որի ընթացքում արձակվել է տարբեր տեսակի շուրջ 110 հրթիռ։
Ռուսական ուժերը սկզբում օգտագործել են «Շահեդ» անօդաչու թռչող սարքերը, որին հաջորդել են հրթիռային հարձակումների մի քանի ալիքներ: Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ Ռուսաստանը կիրառել է բալիստիկ հրթիռներ՝ С-300, Կինժալս, Խ-22/Խ-32, Խ-101/Խ-555։ Հարձակմանը մասնակցել է մոտ 18 ռազմավարական ռմբակոծիչ։ Ընդհանուր առմամբ արձակվել է մոտ 110 հրթիռ և 36 անօդաչու թռչող սարք։
Հրթիռներով հարվածել են 10 շրջանների 18 բնակավայրերի՝ ներառյալ Կիևը, Խարկովը, Օդեսան, Դնեպրը, Զապորոժիեն, Լվովը, Կոնոտոպը և Սմելան: Ուկրաինայի ՆԳՆ-ի տվյալներով՝ հարձակման օրը զոհվել է 53, վիրավորվել՝ 170 մարդ, Դնեպրում, Զապորոժիեում և Օդեսայում դեկտեմբերի 30-ին, իսկ Կիևում՝ հունվարի 1-ը սգո օր է հայտարարվել։
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ հարձակման հետևանքով ավելի քան 100 տուն, 45 բազմահարկ շենք, դպրոցներ, հիվանդանոցներ, ծննդատուն, երկու եկեղեցի, բազմաթիվ շենքեր են ավերվել, ինչպես նաև վնասվել են ՋԷԿ-ի բարձր լարման գծերը։
Հարձակման ժամանակ ռուսական հրթիռներից մեկը ժամանակավորապես խախտել է Լեհաստանի օդային տարածքը։ Լեհաստանի զինված ուժերի ներկայացուցիչը հայտարարել է. «Առավոտյան ժամերին Ուկրաինայի հետ սահմանից Լեհաստանի Հանրապետության օդային տարածք է թռչել անհայտ օդային օբյեկտ, որը դիտարկվել է երկրի հակաօդային պաշտպանության համակարգի ռադիոտեղորոշիչ սարքավորումների կողմից մինչև ազդանշանի անհետանալը»։
Այս հարձակումը ամենախոշորներից էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ողջ ընթացքում։ Ռուսաստանի կողմից արձակված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արժեքը կազմել է առնվազն 1,273 միլիարդ դոլար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է. «Մենք անպայման պատասխան կտանք ահաբեկիչներին նրանց հարձակումների համար։ Եվ մենք պայքարելու ենք մեր երկրի, յուրաքանչյուր քաղաքի, մեր ողջ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար։ Ռուսական տեռորը պետք է պարտվի, և դա հենց այն է, ինչ տեղի կունենա»:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան մյուս երկրներին կոչ է արել «շարունակական ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդգծել է, որ հարձակումը «խիստ հիշեցում է աշխարհին, որ այս ավերիչ պատերազմից մոտ երկու տարի անց Պուտինի նպատակը մնում է անփոփոխ՝ նա ձգտում է ոչնչացնել Ուկրաինան և հպատակեցնել նրա ժողովրդին»։ Նա Կոնգրեսին կոչ է արել արագորեն հաստատել Ուկրաինային 2024 թվականին տրամադրվող օգնությունը
ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը խստորեն դատապարտել է ռուսական հարձակումը. «Սա հերթական վախկոտ և անխտիր հարձակումն էր դպրոցների, մետրոյի կայարանի և հիվանդանոցի վրա, որի հետևանքով զոհվեց առնվազն 16 մարդ, ևս մի քանիսը վիրավորվեցին։ ԵՄ-ն կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է».
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն ասել է. «Ուկրաինայի քաղաքների վրա այս լայնածավալ հարձակումները ցույց են տալիս, որ Պուտինը ոչնչի առաջ կանգ չի առնելու՝ հասնելու ազատության և ժողովրդավարության ոչնչացման իր նպատակին։ Մենք թույլ չենք տա, որ նա հաղթի։ Մենք պետք է մնանք Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի»։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը խոստացել է հարյուրավոր հրթիռներ փոխանցել Ուկրաինային՝ լրացնելու բրիտանական հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք ավելի վաղ փոխանցվել էին։
Դեկտեմբերի 30-ին Ուկրաինան պատասխանել է հարձակմանը՝ արձակելով հրթիռներ ռուսական բնակավայրերի վրա։
Բելգորոդում պայթյուններ են որոտացել երեկոյան ժամը մոտավորապես չորս անց կեսին։ Ականատեսների տեսագրություններում երկու ուժգին պայթյուններ են լսվում միմյանցից վայրկյանների ընթացքում և դրանց ուղեկցող բազմաթիվ ավելի փոքր պայթյուններ:
Բելգորոդի հրետակոծության հետևանքով զոհվածների թիվը դեկտեմբերի 31-ի առավոտյան հասել է 24-ի, իր տելեգրամյան ալիքում գրել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Դատաբժշկական փորձագետները պարզել են, որ կա ևս մեկ երեխա, ով մահացել է։ Եվս մեկ վիրավոր մահացել է հիվանդանոցում, գիտակցության չգալով»,- գրել է նա։
Վիրավորների թիվը հատել է 108-ը։
«Տարբեր վնասներ են հայտնաբերվել 37 բազմաբնակարան շենքերում, 453 բնակարաններում, 3 մասնավոր տնային տնտեսություններում, 7 սոցիալական օբյեկտներում։ Վնասված 53 ավտոմեքենաների տերերը պարզվել են․ վնասի գնահատման աշխատանքները շարունակվում են»,- հավելել է Գլադկովը։ ⠀
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է վիրավոր զինյալներին և հայտարարել, որ այն, ինչ տեղի է ունեցել Բելգորոդում, ահաբեկչություն է:
«Որովհետև երկու հրթիռների քողի տակ նրանք ի՞նչ են արել. կրակել են բազմակի հրթիռային համակարգերից՝ MLRS, ի՞նչ է MLRS: Դուք՝ որպես զինվորականներ, գիտեք. սա անխտիր զենք է, հրապարակներ է խփում, և այս զենքերով հարվածում են հենց քաղաքի կենտրոնը, որտեղ մարդիկ քայլում էին Ամանորից առաջ»,- ասել նախագահը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում