Գիտաշխատողների համար կփոխվեն հավելավճար ստանալու պայմանները
Նմանատիպ
Այսուհետ հավելավճար կստանան միայն գիտական աստիճան ունեցող այն գիտաշխատողները, որոնք ներգրավված են պետական ֆինանսավորման բազային ծրագրերում և աշխատում են աշխատաժամանակի ամբողջական ծանրաբեռնվածությամբ։ Որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության նիստում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նիստի ընթացքում հիշեցրել է, որ նման հավելավճար տրվում է 2008 թվականից. գիտության թեկնածուներին ՝ ամսական 25000 դրամի չափով, իսկ դոկտորներին՝ 50000 դրամի չափով, բայց պայմանով, որ գիտական ինստիտուտներում կամ պետական բուհերում աշխատելիս նվազագույնից ոչ պակաս աշխատավարձ ստանան։
«Գիտնականների աշխատավարձի բարձրացման ֆոնին նախկինում հաստատված կարգը վերածվել է առանց նախապայմանի հավելավճար տրամադրելու գործիքի, քանի որ մեծամասնությունը հաղթահարում է սահմանված նվազագույն աշխատավարձի շեմը»,–ասել է նա։
Նախարարի խոսքով` 2162 շահառուից 778-ը այս պայմանների բավարարման խնդիր կունենան, և այս որոշմամբ իշխանությունը կխրախուսի, որ նրանք ևս անցում կատարեն ամբողջական ծանրաբեռնվածությամբ աշխատանքի։
Նշենք, որ հավելավճարի չափը կմնա նույնը․ գիտությունների թեկնածուները կստանան 25000 դրամ, դոկտորները՝ 50000 դրամ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում