Կաջակցենք Ուկրաինային, բայց ոչ նախկին մակարդակով․ ԱՄՆ Պետդեպ

Կաջակցենք Ուկրաինային, բայց ոչ նախկին մակարդակով․ ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտը Կիևին չի աջակցի նախորդ տարիների մակարդակով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է։ Բայց դա չի նշանակում, որ մենք դա անելու ենք ռազմական միջոցների նույն մակարդակով, ինչ 2022 կամ 2023 թվականներին։ Մենք չենք կարծում, որ դա անհրաժեշտ է, քանի որ վերջնական նպատակն այն է, որ Ուկրաինան կարողանա սեփական ուժերով կանգնել ոտքի վրա, բայց ցավոք պետք է փաստել, որ դեռևս չենք հասել այդ կետին»,- նշել է Միլլերը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք փոխվել է Վաշինգտոնի քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ:

Եվրոպական լրատվամիջոցները, մեկնաբանելով Միլլերի հայտարարությունը, արձանագրում են, որ Ուկրաինայի նկատմամբ Վաշինգտոնի հռետորաբանությունը փոխվել է: Մասնավորապես, վերջերս Politico պարբերականը գրել էր, որ ԱՄՆ-ն աստիճանաբար փոխում է իր ներկայիս ռազմավարությունը Ուկրաինայի նկատմամբ՝ նպատակ ունենալով ոչ թե հաղթել պատերազմում, այլ առավելագույնս ուժեղացնել Կիևի բանակցային դիրքերը Մոսկվայի հետ հնարավոր խաղաղ բանակցություններում։ 

Պարբերականը հիշեցնում է, որ 2023 թվականի դեկտեմբերին Վլադիմիր Զելենսկու Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ Ջո Բայդենը հայտարարել էր, որ կհովանավորի Կիևին այնքան, որքան կարող է՝ կոչ անելով Կոնգրեսին նոր հատկացումներ տրամադրել այդ նպատակների համար։ 

Իր հերթին, տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ուկրաինայի հարցում ԱՄՆ գլխավոր նպատակը համարեց երկրի «սեփական ոտքերի վրա կանգնելու» ունակությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում