Աճել է սուր շնչառական հիվանդությունների թիվը
Նմանատիպ
Հայաստանում վերջին շաբաթվա ընթացքում նկատվում է սուր շնչառական հիվանդությունների աճ, որը նախորդ շաբաթվա հետ համեմատ աճել է 1,1 անգամ։ Տեղեկությունը ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱՆ Հիվանդություններիչ վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը։
Նրա խոսքով` հիվանդացության աճը բնորոշ է սեզոնին։ Նշենք, որ սուր նչառական վարակների և գրիպի սեզոնը սկսվել է հոկտեմբերի 1–ից և ավարտվելու է մայիսի վերջին։
«Հունվարի 4–ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներում սուր շնչառական հիվանդություններով հոսպիտալացվել է 582 պացիենտ, որոնց 95%–ը 0-18 տարեկան երեխաներ են։ Թոքաբորբով հոսպիտալացված է 237 պացիենտ, որոնցից 62%–ը 0-18 տարեկան երեխաներ են։ Վերակենդանացման բաժանմունքում հոսպիտալացված է 78 պացիենտ, որոնցից 95 %–ը 0-18 տարեկան երեխաներ են»,- ասել է Աբովյանը։
Աբովյանը նաև հավելել է, որ առողջապահության առաջնային օղակներ դիմելիությունը մեծացել է 1.1 անգամ, զուգահեռ նվազել է հոսպիտալացումների տոկոսը։
Նախորդ շաբաթվա հետ հոսպիտալացումների դեպքերը նվազել են 16 %–ով, վերակենդանացման բաժանմունք դիմելիությունը նույնպես նվազել է 8%–ով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում