Ռուսաստանի տնտեսությունը 2023 թվականին աճել է 2,7 տոկոսով. ՄԱԿ
Նմանատիպ
Անցած տարի Ռուսաստանի տնտեսության աճը կազմել է 2,7 տոկոս: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի տնտեսական վերլուծության և քաղաքականության բաժնի տնօրեն Շանտանու Մուքերջին:
«Մենք հաշվարկել ենք, որ 2023 թվականին Ռուսաստանի տնտեսությունն աճել է մոտ 2,7 տոկոսով։ Ակնկալում ենք, որ այդ աճը կդանդաղի մինչև 1,3 տոկոս: Մասամբ գնաճի բարձր ճնշման պատճառով Կենտրոնական բանկը բավական զգալիորեն բարձրացրել է տոկոսադրույքը»,-ասել է նա։
ՌԴ Կենտրոնական բանկը դեկտեմբերի 15-ին բարձրացրել է առանցքային տոկոսադրույքը մեկ տոկոսային կետով՝ մինչև տարեկան 16 տոկոս, ինչն առավելագույնն է անցած տարվա ապրիլից ի վեր: Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարել է կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, կարգավորիչը չի նախատեսում դրամավարկային քաղաքականության հետագա խստացում: Ընդ որում, նա ընդգծել է, որ կոնկրետ որոշումները կախված կլինեն իրավիճակից։
Կենտրոնական բանկը բարձրացրել է առանցքային տոկոսադրույքը անցյալ տարվա հուլիսից՝ արագացող գնաճի դեմ պայքարելու համար։ Սկզբում ավելացել է մեկ տոկոսային կետով, սակայն օգոստոսին, ռուբլու անկման ֆոնին, ԿԲ – ն միանգամից բարձրացրել է տոկոսադրույքը 3,5 տոկոսային կետով։ Սեպտեմբերին ՝ ևս մեկով, հոկտեմբերին՝ երկուսով, այդպիսով ցուցանիշը հասցնելով 15 տոկոսի։
Դեկտեմբերի վերջին ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի տնտեսությունը ցույց է տվել կայունություն, իսկ ՀՆԱ-ի աճը 2023 թվականի արդյունքներով, նախնական գնահատմամբ, կազմել է 3,5 տոկոս։ Նրա խոսքով՝ այդ ցուցանիշը բարձր է եղել գերատեսչության կանխատեսումից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում