Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Նմանատիպ
Մեր ժողովուրդը 21-րդ դարում վերստին կրեց կորուստներ, ենթարկվեց նոր փորձությունների, որոնք, ցավոք, անկարող եղանք հաղթահարելու աշխարհաքաղաքական բարդ իրադարձությունների, ինչպես նաև առաքելապատվեր բարության, արդարության ու ճշմարտության ճանապարհից խոտորվելու պատճառով։ Այս մասին սուրբծննդյան հայրապետական իր պատգամում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
«Մեր ժողովուրդը 21-րդ դարում վերստին կրեց կորուստներ, ենթարկվեց նոր փորձությունների, որոնք, ցավոք, անկարող եղանք հաղթահարելու աշխարհաքաղաքական բարդ իրադարձությունների, ինչպես նաև առաքելապատվեր բարության, արդարության ու ճշմարտության ճանապարհից խոտորվելու պատճառով։ Բարությունը մեզանում աղճատվեց չարության ու նենգության որոմներով, արդարությունն այլափոխվեց կողմնակալության ու հաշվեհարդարի դրսևորումներով, ճշմարտությունը խեղվեց ու խաթարվեց ստով ու չարահնար գործողություններով։ Նման արատները նաև պատճառ դարձան մեր ազգի մասնատման, ուժերի ջլատման ու պարտությունների, նաև կորուստների մեր սրբությունների և արժանապատվության։ Այսպես Արցախը միայնակ մնաց իրեն պատած արհավիրքների օրերին։ Արցախցի հայորդիք եղան հալածական հայրենի բնօրրանից, աստանդական և անօթևան։ Բայց Տերը, Ով Իր Ծննդյամբ փրկություն ու լույս բերեց խավարի մեջ, ցույց է տալիս, որ Աստծո հետ՝ ամեն նեղություն վերափոխվում է հաղթության, ամեն տառապանք՝ աստվածային հատուցման, ամեն դժվարություն՝ ուժի և զորության, և անգամ մահը՝ հավիտենության»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
«Այս գիտակցությամբ ու հանձնառությամբ մեկտեղենք մեր ջանքերը փորձությունները հաղթահարելու համար և ավետարանչի խոսքերի ճշմարտությունը ցոլացնենք մեր կյանքում. «Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց» (Հովհ. 1.5):
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության հուսաբեր խորհրդով քաջալեր՝ Հայրապետական Մեր հորդորն ենք բերում Արցախից տեղահանված Մեր զավակներին։ Սիրելիներ, դուք անօրինակ հերոսական և անընկճելի ոգով ամենայն արժանապատվությամբ և անտրտունջ հաղթահարել և հաղթահարում եք ձեզ պատուհասած նեղությունները։ Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում՝ ամենայն ջանք ի գործ դնելով արցախահայության իրավունքների պաշտպանության համար։ Մնացեք լի հույսով՝ Աստված ձեզ բարիքներ և օրհնություններ պիտի պարգևի ձեր կրած զրկանքների փոխարեն։ Ձեր դժվարություններում դուք միայնակ չեք։ Ձեզ հետ են ի հայրենիս և ի սփյուռս հավատավոր ձեր եղբայրներն ու քույրերը, ովքեր պիտի շարունակեն բոլոր հնարավոր միջոցներով սատար ու օգնական լինել ձեզ։ Միասին մենք դուրս պիտի գանք առկա ծանր իրավիճակից և կառուցենք խաղաղ, բարօր ու ապահով ապագան մեր ժողովրդի ու հայրենիքի։ Հավատում ենք մեր նոր կյանքի արշալույսին, քանզի խավարը չի կարող արգելք լինել արևածագին։ Առավոտվա լույսի հետ, Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի հայցի համաձայն, մեր հոգիներում պիտի պայծառանա Աստծո իմանալի լույսը, և ինչպես Տերն է ասում մարգարեի շուրթերով՝ «Արագ պիտի մոտենա Իմ արդարությունը, և Իմ փրկությունը պիտի ելնի ինչպես լույս» (Եսայի 51.5)»,-շարունակել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»,-եզրափակել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում