Թեհրանն ու Մոսկվան ամբողջովին հրաժարվել են SWIFT-ից․ Իրանի ԿԲ
Նմանատիպ
Ռուսաստանն ու Իրանը միացրել են ֆինանսական փոխանցման համակարգերը և այժմ երկու երկրների բանկերը կարող են ուղղակիորեն գործարքներ իրականացնել: Ինչպես փոխանցում է Fars գործակալությունը, այս մասին հայտարարել Է Իրանի Կենտրոնական բանկի Միջազգային հարցերով ղեկավարի տեղակալ Մոհսեն Քարիմին:
«Մենք միմյանց հետ միացրել ենք երկու երկրների ֆինանսական փոխանցման համակարգերը։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի և Իրանի բանկերին այլևս Շվեյցարիան պետք չէ միմյանց հետ կապ հաստատելու համար, և երկու պետությունների առևտրային բանկերը կարող են միջնորդական հարաբերություններ հաստատել միմյանց հետ: Արտահանողը կարող է ռուսական կողմին հաշիվ ներկայացնել ռիալով և դրա համար գումար ստանալ Իրանում ռուսական բանկերից», – նշել է Քարիմին։
Նա նաև ընդգծել է, որ երկու երկրների արտահանողները կարող են գործարքներ իրականացնել իրենց ազգային արժույթներով:
Մեկ օր առաջ Իրանի ազգային զարգացման հիմնադրամի գործադիր խորհրդի անդամ Հոսեյն Այվազլուն հայտարարել էր, որ Ռուսաստանի և Իրանի ազգային բարեկեցության հիմնադրամները նախատեսում են համատեղ ներդրումային կոմիտեներ ստեղծել նավթագազային, նավթաքիմիական, դեղագործական և մի շարք այլ ոլորտներում, նշում է Fars-ը:
Ինչպես փոխանցում է գործակալությունը, Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը դեկտեմբերի վերջին հայտարարել էր, որ Իրանի և Ռուսաստանի միջև արժութային համաձայնագիրը, որը թույլ կտա առևտուր իրականացնել ռուբլով և ռիալով, կստորագրվի 2024 թվականի առաջին եռամսյակում։ 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում Ֆարզինը երկօրյա այցով ժամանել էր Մոսկվա, որտեղ հանդիպում էր ունեցել Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի հետ։ Նշվում է, որ հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են 6,5 մլրդ ռուբլու չափով վարկային գիծ բացել Իրանի կողմից Ռուսաստանից անհրաժեշտ ապրանքների ներմուծման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում