Լաստանավային բեռնափոխադրումը բավարար հետաքրքրություն չի առաջացրել

Լաստանավային բեռնափոխադրումը բավարար հետաքրքրություն չի առաջացրել

Լաստանավային հաղորդակցությունը գործարկվել և աշխատել է մի քանի ամիս, սակայն արտահանողների և ներմուծողների համար բավարար հետաքրքրություն չի առաջացրել: Ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նշենք, որ լաստանավային հաղորդակցությունը պետք է Վերին Լարսի անցակետի այլընտրանք դառնար և թույլ տար հայկական բեռները հասցնել Ռուսաստան։

«Որոշ ժամանակ լաստանավային ուղղությունը մենք աշխատեցրինք, սակայն զարգացումները ցույց տվեցին, որ մեր հիմնական ջանքերը պետք է ուղղենք այլ երկրներ արտահանումն ակտիվացնելու ուղղությամբ։ Մեր գնահատմամբ՝ այն չի առաջացրել բավարար հետաքրքրություն արտահանողների և ներմուծողների մոտ»,- ասել է Քերոբյանը:

Նախարարի խոսքով` իրենք չեն նկատել, որ արտահանող կամ ներմուծող ընկերություններն օգտագործեն լաստանավն այնպես, որ գործընկերները համոզվեն` ծրագիրը հնարավոր է շարունակել։

Քերոբյանը հայտնել է, որ արտահանման դիվերսիֆիկացման համար տարբեր քայլեր են իրականացվում: Գլխավոր ուղղությունը լինելու է մերձավորարևելյան ուղղությունը, Ծոցի երկրները, կարևոր են նաև ասիական, եվրոպական, ամերիկյան ուղղությունները:

Քննարկվում են արտահանման խրախուսման մի շարք նախագծեր՝ օժանդակություն տրամադրելու այն ընկերություններին, որոնք նոր ուղղություններով արտահանում են իրականացնում:

Էկոնոմիկայի նախարարը շեշտել է` միայն մեկ ուղղության վրա ջանքերը կենտրոնացնելուց տեղափոխվելու են խորը դիվերսիֆիկացիայի ուղղությամբ կատարվող աշխատանքների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում