Երևանում բացվել է Փարաջանովի արձանը

Երևանում բացվել է Փարաջանովի արձանը

100 տարի առաջ այս օրը ծնվել է հայ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ (1990) Սերգեյ Փարաջանովը։ Այսօր Կինոյի տան հարակից հատվածում տեղի ունեցավ Փարաջանովի արձանի բացումը, որին հաջորդեց Դավիթ Գալստյանի «Դրվագներ Ջոկոնդայի կյանքից» ցուցադրությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների կառավարական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, նրա արվեստի սիրահարները և այլք։

Օրվա շրջանակում Կինոյի տան դահլիճում նախատեսվում են կինոդիտումներ, Փարաջանովի թանգարանում տեղի կունենան նաև «Գյուրջիև» և «Բարեկամություն» համույթների ելույթները:

Իր ելույթում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել է, որ  Փարաջանովին նվիրված մի շարք միջոցառումներ կլինեն ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև Վրաստանում ու Ֆրանսիայում։

Իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հայտնեց, որ  «Կինոյի տան» դիմաց  նախատեսում են ստեղծել աստղային պուրակ և «Նռան գույնի» հրապարակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում