Զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Նմանատիպ
Մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 1 անձ ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՊՆ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։ ԶԼՄ–ներում լուր էր տարածվել, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերից մեկում։ Նշվում էր, որ սպայի վրա կրակել է նույն դիրքում գտնվող ժամկետային զինծառայողը։
ՔԿ–ն հաստատում է, որ մարտական դիրքի պատասխանատուն մահացու հրազենային վիրավորում է ստացել ինքնաձիգի կրակահերթից, որն արձակել է մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողներից մեկը։ Նա ձերբակալվել է։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։ Ձևավորվել է քննչական խումբ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ անհետաձգելի բոլոր ապացուցողական և դատավարական այլ գործողությունները՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում