ՀՀ-ն ԵՄ-ից ստացել է անօրինական բնակվողների վերադարձման 411 հայտ

ՀՀ-ն ԵՄ-ից ստացել է անօրինական բնակվողների վերադարձման 411 հայտ

2023թ․-ի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության երկրներից ստացել է անօրինական բնակվող քաղաքացիների վերադարձման 411 հայտ, ՀՀ-ի կողմից դրական պատասխանի է արժանացել 92,99 տոկոսը։ Այսօր Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում տվյալները ներկայացրել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ 92,99 տոկոսը չի նշանակում, որ ՀՀ-ն հրաժարվում է հետընդունել իր քաղաքացիներին, որոնք անկանոն բնակվում են ԵՄ տարբեր երկրներում։

«Շատ դեպքերում կարող են լինել դեռևս չճշտված հանգամանքներում բնակվող անձինք, որոնք հետընդունման ենթակա չեն, հետևաբար ովքեր հետընդունման ենթակա չեն, բնականաբար, հայտի շրջանակներում դրական պատասխանի չեն արժանանում»,- նշել է Սարգսյանը։

Նա շեշտել է, որ վիճակագրական առումով մեր երկիրը բավականին լավ իրավիճակում է։ Սա նաև վստահություն է տալիս ԵՄ մեր գործընկերներին շարունակել ռեադմիսիոն (հետընդունում) գործընթացի շրջանակում ՀՀ-ի հետ համագործակցությունը։

ՆԳ փոխնախարարը թվարկել է այն երկրները, որոնցից ամենից շատ է ստացվում հետընդունման հայտ՝ Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Նիդեռլանդներ, Ռումինիա, Լեհաստան, Շվեդիա, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Նորվեգիա, Դանիա, Շվեյցարիա։ Այս շարքում կան երկրներ, որոնցից ստացված հայտերին ՀՀ-ն 100 տոկոսով դրական է արձագանքել։

Նշենք, որ ՆԳ փոխնախարարը հանձնաժողովում ներկայացրել է «ՀՀ կառավարության և Ավստրիայի Դաշնային կառավարության միջև ՀՀ և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող մարդկանց հետընդունման մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրության վավերացման մասին նախագիծը։

Նրա խոսքով՝ մինչ այս պահն արդեն իսկ ուժի մեջ են 7 երկրների հետ արձանագրությունները՝ Բուլղարիա, Չեխիա, Գերմանիա, Ֆրանսիա, Էստոնիա, Լեհաստան և Բենիլյուքսի երկրներ (Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ)։ Արդեն իսկ դրական եզրակացություն կա արդարադատության նախարարության, Սահմանադրական դատարանի կողմից, ուստի անհրաժեշտ է Ազգային ժողովի կողմից վավերացում։ Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց նախագծին։ Այն կներկայացվի ԱԺ խորհրդին՝ առաջիկա հերթական նիստերի օրակարգում ներառելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում