Էր Ռիադում Ուկրաինայի հարցով գաղտնի հանդիպում է տեղի ունեցել
Նմանատիպ
Ուկրաինայի, G7 անդամների և այսպես կոչված Գլոբալ հարավում գտնվող պետությունների փոքր խմբի ներկայացուցիչներ գաղտնի հանդիպում են անցկացրել Էր Ռիադում. հանդիպումը կայացել է Կիևի՝ Ռուսաստանի հետ բանակցություններում իր պայմաններին աջակցություն ստանալու ջանքերի շրջանակում:
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, որը հղում է անում իրավիճակին ծանոթ աղբյուրներին, ազգային անվտանգության խորհրդականների մակարդակով այս գաղտնի հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին՝ Սաուդյան Արաբիայում։ Քննարկման գաղտնիությունը մասամբ նպատակ ուներ, որպեսզի դրա մասնակիցներն իրենց ավելի հարմար և անկաշկանդ զգան, այդ թվում՝ մասնակցել-չմասնակցելու որոշում կայացնելիս: Ավելի փոքր ձևաչափը, ինչպես նշվում է հրապարակման մեջ, թույլ է տվել ավելի ազատ և անկեղծ քննարկել ուկրաինական «խաղաղության բանաձևը» և դրա առաջմղման հնարավորությունները։
Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ Էր Ռիադի հանդիպմանը էական առաջընթաց չի գրանցվել. Ուկրաինան և «Մեծ յոթնյակ»-ը շարունակում են դիմակայել Գլոբալ հարավի երկրների՝ Ռուսաստանի հետ անմիջականորեն բանակցելու կոչերին:
Քննարկման մասնակիցների վերաբերյալ գործակալությունը գրում է, որ դեկտեմբերյան հանդիպմանը միացել են պաշտոնյաներ Հնդկաստանից, Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից, մինչդեռ գլոբալ հարավի մյուս պետությունները, որոնք աջակցել են նախորդ, ավելի մեծ հանդիպումներին, մասնավորապես՝ Չինաստանը, Բրազիլիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, իրենց ներկայացուցիչներին չեն ուղարկել։
Կիևը և G7-ի նրա դաշնակիցները հանդիպմանը հաստատել են այն մոտեցումը, որ ցանկացած արդար խաղաղություն պետք է համապատասխանի Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքին։ Դաշնակիցներն ընդգծել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ այժմ առարկայական բանակցությունների լուրջ ցանկության նշաններ ցույց չի տվել: G7-ի ներկայացուցիչները հասկացրել են, որ շարունակելու են աջակցել Ուկրաինային։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն վստահություն են հայտնել Կիևին հետագա աջակցության վերաբերյալ հաջող բանակցությունների վերաբերյալ։
ԱՄՆ նախագահի աշխատակազմի Ազգային անվտանգության խորհուրդը չի մեկնաբանել հրապարակումը։ Ուկրաինայի և Սաուդյան Արաբիայի կառավարությունները նույնպես չեն արձագանքել հարցումներին, գրում է Bloomberg-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում