Իսրայելի դեմ ցեղասպանության մեղադրանքն անարդար է. Բլինկեն

Իսրայելի դեմ ցեղասպանության մեղադրանքն անարդար է. Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դատապարտել է Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ ցեղասպանության վերաբերյալ հայց ներկայացնելը:

ԱՄՆ պետքարտուղարն այս մասին ասել է Թել Ավիվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ջո Բայդենի վարչակազմը կարծում է, որ հայցը շեղում է աշխարհը ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների անվտանգության ապահովման, Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի լուծում գտնելու և հակամարտությունների տարածման կանխումն ապահովելու ջանքերից: Ավելին, ցեղասպանության մեղադրանքն անարդար է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Հարկ է նշել, որ Բայդենի վարչակազմը կոշտ դիրքորոշում է որդեգրել Հարավաֆրիկյան Հանրապետության՝ Իսրայելի դեմ ցեղասպանության մեղադրանքով հայցի առնչությամբ։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին նույնպես հունվարի 3-ին հայցն անվանել է «անարդար»:

2023 թվականի դեկտեմբերի 29-ին Հարավային Աֆրիկան Իսրայելի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան խախտելու համար՝ պահանջելով Գազայում Իսրայելի գործողությունները ճանաչել որպես «ցեղասպանություն»: Սպասվում է, որ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցի վերաբերյալ լսումները տեղի կունենան հունվարի 11-12-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում