Իսրայելը մտադիր չէ ընդմիշտ օկուպացնել Գազան. Նեթանյահու
Նմանատիպ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «մտադրություն չունի ընդմիշտ օկուպացնել Գազան կամ տեղահանել նրա խաղաղ բնակչությանը»։
«Թույլ տվեք պարզ լինել՝ Իսրայելը մտադիր չէ ընդմիշտ օկուպացնել Գազան կամ տեղահանել նրա խաղաղ բնակչությանը։ Իսրայելը պայքարում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների դեմ, այլ ոչ թե պաղեստինցի բնակչության դեմ, և մենք դա անում ենք միջազգային իրավունքին լիովին համապատասխան: Մեր նպատակն է ազատել Գազայի հատվածը ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներից և ազատել մեր պատանդներին։ Դրան հասնելուց հետո Գազան կարող է ապառազմականացվել և ապաարմատականացվել՝ դրանով իսկ Իսրայելի և Պաղեստինի համար ավելի լավ ապագայի հնարավորություն ստեղծելով», – ասել է նա:
Միևնույն ժամանակ, իշխանական «Լիկուդ» կուսակցության բարձրաստիճան անդամներից մեկը չորեքշաբթի պնդել է, որ Նեթանյահուն նախկինում աջակցություն է հայտնել Գազայի սահմաններից դուրս պաղեստինցիների կամավոր վերաբնակեցման գաղափարին, սակայն այս տարբերակը քննարկումից հանվել է ԱՄՆ-ի դեմ լինելու պատճառով:
«Վարչապետը երկու շաբաթ առաջ այս սենյակում ինձ ասաց, որ դա լավ գաղափար է», – պատմել է Դենի Դանոնը The Times of Israel-ին՝ հաստատելով ավելի վաղ տարածված լուրն այն մասին, որ վարչապետը տեղեկացրել է «Լիկուդ» խմբակցության հանդիպմանը, որ աշխատում է նպաստելու Գազային պաղեստինցիների կամավոր արտագաղթին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում